Նախկին նախարար Վահան Քերոբյանը ժամանակին կոնյակի սպիրտի վերաբերյալ առաջարկ է արել. ովքե՞ր են դեմ եղել
138
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 00:30
ՀՀ-ից արտահանվող կոնյակի սպիրտն առանց որակական հսկողության ոչ միայն վնասում է մեր կոնյակի համբավը, այլև արտադրողների շահերը։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքներին։ Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից աղբյուրին հայտնել են, որ հետազոտության արդյունքները չեն ստացել, թեմային կանդրադառնան փաստերին ծանոթանալուց հետո։ «Խնդիրը ոչ թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող շշալցված կոնյակն է, այլ կոնյակի սպիրտը, որի որակի հետ կապված մեծ խնդիրներ կան»,- ասել է Վահան Քերոբյանը՝ ընդգծելով, որ շշալցված կոնյակի որակն ավելի լավն է։ Նա պատմել է, որ 2023 թվականի վերջին, երբ դեռ նախարար էր, հրաժարվել է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կոնյակի սպիրտի սուբսիդավորման նախագիծն այն տեսքով, որով իրեն էր տրամադրվել։ «Ինձ համար պարզ էր՝ այն մեխանիզմը, որ ներդրված էր նախագծում, չի ապահովում այն, որ հենց խաղողից արտադրված կոնյակի սպիրտն արտահանվի ՀՀ-ից։ Մենք նախարարությունով առաջարկ էինք արել, որն իմ պաշտոնավարման դադարեցումից հետո ինչ-որ ժամանակ հայտնվեց նաև e-draft-ում։ Առաջարկն այն մասին էր, որ արտահանվող կոնյակի սպիրտի համար արտոնություն տրվի միայն այն դեպքում, երբ շվեյցարական ընկերության կողմից անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություններն անցկացվեն և հաստատվեն, որ արտահանվող կոնյակի սպիրտն իսկապես խաղողից է»,- ասել է Քերոբյանը։ Կառավարությունն, ի վերջո, ընդունեց նախնական որոշում, որ կոնյակի սպիրտն արտահանվի առանց որակի հետազոտման։ Ըստ նախկին նախարարի՝ դա նշանակում է, որ հարվածի տակ ենք դնում ինչպես հայկական կոնյակի համբավը, այնպես էլ վնասում ենք խաղողի սպիրտից արտադրված, շշալցված կոնյակի իրացումը ռուսական շուկայում։ Բացի այդ, նրա խոսքով՝ տուժում են նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ, քանի որ նրանց արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազում է, փոխարենը մեծանում է անորակ, ոչ խաղողից արտադրված կոնյակի սպիրտի նկատմամբ պահանջարկը։ Այս հարցով Քերոբյանը հիմնական քննարկումներ է ունեցել ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ, որոնք էլ եղել են նրա ընդդիմախոսները. նրանք պնդել են, որ սուբսիդավորման նախագիծը պետք է հաստատվի հենց այն տեսքով, ինչպիսին ներկայացվել է՝ առանց փոփոխությունների։ «Ես չեմ կարողանում դրան տրամաբանական բացատրություն գտնել. եթե մենք ցանկանում ենք խթանել բարձրակարգ արտադրանքի արտահանումը, ապա այդպիսի որակական ֆիլտր դնելը պարտադիր պետք է լիներ։ Այն նաև կապահովեր խաղողի պատշաճ մթերումը, որը տարեցտարի ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում»,- ընդգծել է նախկին նախարարը։ Նա վստահեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ եղել է փոխվարչապետների հետ եղած տարաձայնությունների մասին և պաշտպանել է Քերոբյանի ղեկավարած գերատեսչության առաջարկը, սակայն արդյունքում այլ բան է ընդունվել։