Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

Վերջին 14 օրում ՀՀ-ում COVID-ի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել

172
Շաբաթ, 17 օգոստոսի, 2024 թ., 09:36
Վերջին 14 օրում ՀՀ-ում COVID-ի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել

Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ և քննարկել տարածաշրջաններում և մեր երկրում համաճարակային իրավիճակը:
Լենա Նանուշյանը նշել է, որ արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները և ծնողներին իրազեկել ժամանակին երեխաներին պատվաստելու կարևորության մասին:
ՀՎԿԱԿ մասնագետները նշել են, որ COVID-19-ի «Օմիկրոնի» ենթատեսակներով պայմանավորված ևս կայուն աճ կա աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Վերջին 14 օրում Հայաստանում լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:
Անդրադարձ է եղել նաև Կապիկի ծաղիկ հիվանդությանը, որով պայմանավորված նախօրեին ԱՀԿ-ն հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Թեև Հայաստանում հիվանդության ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, այդուհանդերձ, Լենա Նանուշյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանային անցակետերում գործընկերների հետ դեպքերի վերհանման մեխանիզմները հստակեցնել:
Մասնագետներն անդրադարձել են նաև
տարածաշրջանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված դեպքերին: