«Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հրաժարական տա»․ Գարեգին Խումարյան
144
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2024 թ., 09:24
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հեռարձակողի խորհուրդը իր էջում հրապարակեց «անպարկեշտ առաջարկների» փաթեթը, որի մասին խոսում եմ այս օրերին, և որը մերժելուց հետո սկսվեցին խնդիրները: Ես էլ եմ այն հրապարակում: Տեքսը ստորև: Պնդումը, թե այդ առաջարկներն ի կատար են ածվել, սովորական փարիսեցիություն է: Այդ փաստաթղթի կետերից և որևէ մեկը երբեք չի գործադրվել, Հանրային ռադիոյի աշխատակիցներից և որևէ մեկը այդ փաստաթղի ազդեցությունն իր վրա չի զգացել: Ընկերությունը շարունակել է ընթանալ իր հունով, և դա տեսանելի և լսելի է մեր եթերում: Հատկանշական է, որ փաստաթուղթը գրաքննություն հաստատելուն ուղղված վերջին 30 տարվա մեջ հրապարակված առաջին պաշտոնական իրեղեն ապացույցն է: Խնդրում եմ այն ուշադիր կարդալ: Ինչո՞ւ է Խորհուրդն այն հրապարակել: Ունեմ վարկածներ, որոնք շուտով կքննարկենք: Կրկնում եմ պնդումս՝ Խորհուրդը պետք է հրաժարական տա: Ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է: *** Հանրային հեռարձակողների խորհրդի Եզրակացությունը՝ Հանրային ռադիոյի Ռադիոլուր լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․ Ռադիոլուրի առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։ Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․ 1․Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։ 2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։ 3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։ 4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։ 5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։ Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար Խորհրդի նախագահ՝ Արա Շիրինյան 17 դեկտեմբեր, 2021»։