Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

Գործարկվել է արցախահայերի իրավունքների պաշտպանության էլեկտրոնային հարթակը

153
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 00:48
Գործարկվել է արցախահայերի իրավունքների պաշտպանության էլեկտրոնային հարթակը

Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկել է «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացում» ծրագիրը, հուլիսի 26-ին տեղի է ունեցել Արցախից տեղահանվածներին իրավական և իրավաբանական օգնության հարթակի շնորհանդեսը։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխանցմամբ, ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշել է որ մեծ ջանքեր են ներդրվել ծրագիրն իրականացնելու համար։ Նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ադապտացմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի իրավաբան Մարիանա Ավագյանը, որը նույնպես Արցախից բռնի տեղահանված է, նշել է, որ իրավաբանական աջակցությունն ավելի հասանելի դարձնելու նպատակով ՏԻՄ-երի միջոցով հանդիպումներ են կազմակերպվել հենց այն համայնքներում, որտեղ բնակվում են տեղահանված քաղաքացիները։

«113 արցախցու անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերվել տեղում՝ Հայաստանի 12 համայնքներում մեր այցելությունների ժամանակ, 10 քաղաքացի ինքնուրույն է դիմել մեր գրասենյակ, ևս 28-ը՝ հեռավար (հեռախոսով կամ առցանց)»,-նշել է Մարիանա Ավագյանը։

Վերջում Կարեն Զադոյանը ներկայացրել է armrights.am-ը։ Էլեկտրոնային հարթակի անվանումն ընտրվել է Ցանցի անդամների կողմից կայացած քվեարկության արդյունքում։

Էլեկտրոնային հարթակի միջոցով արցախահայերը հնարավորություն են ունենալու առցանց բարձրացնել և լուծել իրենց իրավական խնդիրները։ Հարթակի միջոցով քաղաքացիները կարող են նաև ֆինանսապես աջակցել արցախահայերի իրավական խնդիրների լուծմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Արցախից տեղահանված 101 848 անձ, որոնցից 30 հազարը երեխաներ են: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները՝ Երևանում։