Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Հնարավորություն՝ Ուկրաինայի համար․ Ռուսաստանը մարդկանց և զենքի պակաս ունի․ #ISW

440
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 13:24
Հնարավորություն՝ Ուկրաինայի համար․ Ռուսաստանը մարդկանց և զենքի պակաս ունի․ #ISW

Ուկրաինայի զինված ուժերը կարող են պայմաններ ստեղծել հաջող հակահարձակողական գործողությունների համար։ Մասնավորապես, դրան կնպաստի արևմտյան դաշնակիցների օգնությունը։ Բացի այդ, ռուսական զորքերը սկսում են սպառազինության և կենդանի ուժի պակաս զգալ։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում։ Վերլուծաբանները վկայակոչում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հարցազրույցը The Guardian պարբերականին, որում զինվորականն ասել է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում Ռուսաստանն զգալիորեն ավելացրել է իր մարդկային և նյութական ռեսուրսները։ Սիրսկիի խոսքով՝ ռազմական հրամանատարությունը կենտրոնացած է սպառազինությունների մատակարարման հետ կապված խնդիրների լուծման վրա, որպեսզի պաշտպանվի հակառակորդի երկարատև հարձակումներից: Նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ պաշտպանական գործողություններ են իրականացնում՝ չնայած հակառակորդի հետ նյութական անհավասարությանը։

Այնուամենայնիվ, ISW-ում կարծում են, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը չի կարողանա ավելացնել մարտական գործողությունների համար անձնակազմի և տեխնիկայի քանակը։ Բացի այդ, Ռուսաստանը, ինչպես նշվում է զեկույցում, սպառում է ԽՍՀՄ ժամանակների զենքի սահմանափակ պաշարները։

Դեռևս պարզ չէ՝ արդյոք ՌԴ պաշտպանական արդյունաբերությունը կկարողանա արտադրել բավարար քանակությամբ տեխնիկա, որպեսզի կարողանա դիմակայել կորուստների բարձր մակարդակին նույնիսկ հետագա տնտեսական մոբիլիզացիայի դեպքում, նշում են վերլուծաբանները։

Նրանց կարծիքով՝ Կրեմլն, այնուամենայնիվ, ստիպված կլինի լրացուցիչ մոբիլիզացնել ռուսական տնտեսությունն ու պաշտպանական արդյունաբերությունը։