Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը». Լևոն Ազիզյան

51
Այսօր, 20:36
«Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը». Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը։

Կլիմայագետ Ջուդա Քոենը՝ «Atmospheric and Environmental Research» (AER) ընկերության սեզոնային կանխատեսումների տնօրենը, իր նոր վերլուծության մեջ ներկայացրել է, թե ինչպես կարող են ստրատոսֆերայում տեղի ունեցող փոփոխություններն ազդել Եվրոպայի դեկտեմբերյան եղանակի վրա։

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը
Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը

Արկտիկական ցուրտը կարող է հասնել մինչև Մեծ Բրիտանիա

Քոենի գնահատմամբ՝ նոյեմբերի սկզբին ստրատոսֆերայի հանկարծակի տաքացումը կարող է նպաստել Գրենլանդիայի վրա հզոր արգելափակող անտիցիկլոնի ձևավորմանը։ Արկտիկական և հյուսիսատլանտյան տատանումների ինդեքսները (AO և NAO) կարող են խիստ բացասական արժեքներ ընդունել։ Նման շրջանառության պայմաններում արկտիկական սառը օդի ներխուժումները կարող են ընդգրկել ընդարձակ տարածք՝ Արևմտյան Սիբիրից մինչև Մեծ Բրիտանիա։ Ցրտի ազդեցությունն առաջինը կզգացվի Հյուսիսային Եվրոպայում, իսկ դեկտեմբերի սկզբին ցուրտը կարող է տարածվել նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Բևեռային պտույտը մնում է անկայուն

Կտրուկ թուլացումից հետո բևեռային պտույտը դեռ չի վերականգնել իր նախկին ուժն ու շրջանաձև կառուցվածքը։ Այն ձգված է Սիբիրից դեպի Կանադա և կարող է կրկին ձևափոխվել։ Ըստ Քոենի՝ սա նախադրյալներ է ստեղծում ձմռանը եղանակի կտրուկ տատանումների համար։

Ամենամոտ նմանակը 2009–2010 թվականների ձմեռն է

Քոենը մերժում է համեմատությունը 2015 թվականի անսովոր տաք դեկտեմբերի հետ։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս մթնոլորտային շրջանառությունն առավել նման է 2009 թվականի դեկտեմբերին դիտված պատկերին, երբ նոյեմբերին ստրատոսֆերային շրջանառության խաթարմանը հաջորդեց խստաշունչ ձմեռ Եվրասիայում»:

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան