«Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան
44
Այսօր, 18:06
Փաստաբան Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատավորների վերագնահատումը նոր Սահմանադրության նախագծում՝ դատական անկախությա՞ն երաշխիք, թե՞ քաղաքական ազդեցության վտանգ։ Ըստ նախագծի՝ դատավորների մեկանգամյա վերագնահատման կարգավորումը մտահոգիչ է ոչ թե այն պատճառով, որ դատական համակարգը չպետք է բարեփոխվի, այլ այն պատճառով, որ բարեփոխման գործընթացը չպետք է վտանգի դատավորի անկախությունը։ Հիմնական խնդիրները հետևյալն են. 1. Քաղաքական ազդեցության վտանգ․ դատավորների վերագնահատման հանձնաժողովի հինգ անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։ Այսպիսով՝ առաջանում է դատական իշխանության նկատմամբ քաղաքական ազդեցության հնարավորության հարց։ 2. Գնահատման չափանիշների անորոշություն․ բարեվարքությունը, մասնագիտական կարողությունները և գույքային դրությունը պետք է գնահատվեն հստակ, օբյեկտիվ և ստուգելի չափանիշներով, այլ ոչ թե լայն հայեցողությամբ։ 3.Պաշտոնավարման երաշխիքների թուլացում՝ դատավորները վերագնահատման ընթացքում շարունակելու են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ Սա կարող է ստեղծել մասնագիտական և հոգեբանական կախվածության միջավայր։ 4.Արդյունավետ դատական պաշտպանության խնդիր հանձնաժողովի եզրակացության անմիջական բողոքարկման բացակայությունը կարող է սահմանափակել դատավորի պաշտպանության հնարավորությունները, եթե հետագա դատական վերահսկողությունը լիարժեք չլինի։ 5. Դատական անկախության վտանգ՝ դատավորը չպետք է ունենա մտավախություն, որ իշխանության համար անցանկալի որոշում կայացնելը կարող է բացասաբար անդրադառնալ իր պաշտոնավարման վրա։ 6.ԲԴԽ-ի կազմավորման փոփոխությունը Նախագծի 58-րդ հոդվածով ԲԴԽ բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով։ Դատավորների ընդհանուր ժողովին մնում է դատավոր անդամների թեկնածուներին առաջադրելու իրավունքը։ Սա լրացուցիչ մտահոգություն է առաջացնում դատական իշխանության ինքնակառավարման մարմնի ձևավորումը զգալիորեն կախված է դառնում խորհրդարանական ընտրական գործընթացից։ Իրավական հարցը մեկն է՝ ինչպե՞ս կարող է դատական իշխանությունն ապահովել իր անկախությունը, եթե դրա կառավարման բարձրագույն մարմնի ամբողջ կազմի ընտրությունը վերապահված է քաղաքական մարմնին։ Դատական համակարգի բարեփոխումը չի կարող սկսվել գործող դատավորների պաշտոնավարման կայունության վերացումից։ Դատավորների մասնագիտական որակի բարձրացումը, բարեվարքության ստուգումը և կոռուպցիայի դեմ պայքարը օրինական նպատակներ են, սակայն դրանք չեն կարող իրականացվել դատական անկախության հիմնարար երաշխիքների հաշվին։ Դատավորին պետք է գնահատել օրենքով սահմանված չափանիշներով, ոչ թե իշխանության վստահության չափով։ Ավելին՝ եթե դատավորը գիտակցում է, որ իր պաշտոնավարման շարունակությունը կախված է քաղաքական մարմնի ընտրած հանձնաժողովի եզրակացությունից, ապա նույնիսկ առանց ուղղակի միջամտության կարող է առաջանալ արտաքին ազդեցության օբյեկտիվ վտանգ։ Եվ ամենակարևորը՝ դատավորի անկախությունը միայն դատավորի արտոնությունը չէ։ Դա քաղաքացու իրավունքն է՝ իր գործը քննելու անկախ և անաչառ դատարանի կողմից։ Սահմանադրությունը չպետք է դատավորին դարձնի ժամանակավոր, իսկ իշխանությանը՝ նրա մասնագիտական ճակատագրի որոշող։ Իրավական հենարան՝ տես ՄԻԵԿ 6-րդ հոդված, Baka v. Hungary \[GC\], Grzęda v. Poland \[GC\], դատական անկախության վերաբերյալ եվրոպական չափանիշներ»։