«Կիրանցում ակցիաներին մասնակցելու համար կաշառք է բաժանվել». Հովսեփ Խուրշուդյան
261
Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ., 23:24
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրեր անց կանդրադառնամ ՖԲ մի օգտատիրոջ այն մեղադրանքին, որ ես՝ ապրիլի 27-ին իմ արած գրառումը կառուցել եմ Տավուշում ռուբլու շրջանառության վերաբերյալ՝ համացանցում տարածված ոչ հավաստի տեղեկությունների վրա։ Ժամանակն ինձ պետք է որոշ պաշտոնական թվեր ճշտելու համար։ Ինքս էլ փորձում եմ պահպանել լրագրողական այն կանոնը, որ համացանցում առկա, անգամ լայն տարածում գտած որևէ լուր կիսվելիս, կամ դրա հիման վրա գրառում անելիս ցանկալի է այն ստուգել, ոչ թե միայն ոչ-պաշտոնական, այլ, հնարավորության դեպքում՝ պաշտոնական մարմիններից (թեև ես լրագրող չեմ)։ Սակայն միշտ չէ, որ ինձ հաջողվում է հետևել այդ կանոնին և եթե ինձ որևէ մեկը՝ ծանոթ թե անծանոթ, բարեկամաբար ուղղում է, փաստերով հիմնավորելով, որ տեղեկությունը, որը կիսվել եմ, չի համապատասխանում իրականությանը՝ առանց վարանելու այս կամ այն կերպ շտկում եմ իմ սխալը, անհրաժեշտության դեպքում՝ անգամ ներողություն խնդրում։ Կոնկրետ այս լուրի դեպքում վստահել եմ այն բազմաթիվ գրառումներին, այդ թվում՝ լրատվամիջոցներում հրապարակված, որոնք տարածել են այդ լուրը, ստուգել եմ այն Տավուշի մարզի բնակավայրերից մեկում առկա իմ մի աղբյուրից, որը թեև կոնկրետ տոկոս չի նշել, բայց հաստատել է, որ արտարժույթի ու հատկապես ռուբլու փոխանակման ծավալներն ավելացել են, ինչպես նաև հիմնվել եմ ավելի լայն համատեքստի վրա, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործելաոճի հետ զուգահեռի վրա, գործելաոճ, որը համարում եմ ստուգված և ապացուցված։ Ի դեպ, այն, որ Կիրանցում և Տավուշի այլ վայրերում կազմակրպվող ակցիաներին մասնակցելու համար կաշառք է բաժանվել՝ արձանագրվել է նաև իրավապահ մարմինների կողմից։ Ամեն դեպքում, չեմ բացառում, որ, ի տարբերություն իրենց միաժամանակ դատախազի ու դատավորի կարգավիճակում երևակայող մեր անսխալական «սրբերի», կարող էի այս դեպքում սխալվել և հղում անել ոչ հավաստի թվերի/տոկոսների վրա (դա հասկանալու համար, կրկնում եմ՝ դեռ պետք է որոշ պաշտոնական թվեր ճշտեմ, որից հետո ավելի մանրամասն կանդրադառնամ այս դրվագին)։ Իսկ մինչ այդ, իհարկե, շարունակում եմ մաքրել էջիցս այն ֆեյսբուքյան «ընկերներին», ովքեր նման դրվագներից սկսում են ձեռքերը շփել, առիթավորվում են և ծափ են տալիս պիտակավորմանը եւ ատելության խոսքին։ Ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է ստիպված լինեմ այն մարդկանց, ովքեր ինձ ընկերանալու հայտ են ուղարկել մերժել միայն այն պատճառով, որ ՖԲ ընկերներիս տեղերը զբաղեցրել են մարդիկ, ում ընկերության հայտերը ժամնակին հաստատել եմ, բայց ով չի արժևորում ինձ հետ ունեցած այդ, թեև խորհրդանշական, սոցիալական կապը։ Քանի որ այս գրառումը անոնս է հետագայում արվելիք գրառման վերաբերյալ և իրազեկում, այն փակ է մեկնաբանությունների համար»: