«Ո՞վ ներդրում կանի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի». Արտակ Զաքարյան
594
Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ., 17:06
ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան էլ, որ հայրենի Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու: Աջ ու ձախ խոսում են «ազատ շուկայի» մասին, տնտեսական մենաշնորհների՝ իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան: Իսկ ո՞վ կբերի ներդրում անի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի: Ո՞վ է երաշխավորելու ներդրումները, որտեղ նույնիսկ պետության արտաքին անվտանգության հարցերը լուծված չեն, և բարձրագույն իշխանություններն ու քաղաքական համակարգը խոսում են հնարավոր նոր պատերազմական ռիսկերի մասին: Ո՞վ կվստահի իր ներդրումները մի կառավարությանը, որն արտաքին հարաբերություններում հայտնի է դարձել որպես անվստահելի, տեղից-տեղ թռչող, դաշնակից ու գործընկեր երկրների հետ կայուն հարաբերություններ չունեցող: Ո՞վ է պատրաստ երկարաժամկետ ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարությունը չի կարողանում երաշխավորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը: Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարությանը, ով իր գործունեության ծրագրում գրված հիմնական դրույթներին հակառակ ու հակասող քաղաքականություն է իրականացնում: Խոշոր բիզնեսը և հատկապես արտաքին ներդրումները, ցանկանացած պետության զգայուն ոլորտներից մեկն են: Չկա անվտանգություն, կայունություն, սոցիալական արդարություն, քաղաքական կանխատեսելիություն, արտահանման և ներկրման երաշխավորված քաղաքականություն՝ չի լինելու նաև ներդրումային գրավչություն: Թշնամանք ու հանրային պառակտում տարածող իշխանությունը ինչպե՞ս կարող է գրավչություն ապահովել արտաքին ներդրողների համար: Հայկական «ժողովրդավարության» փուչիկն այլևս գրավիչ չէ: Այն փչվել է միայն նրա համար, որպեսզի արտաքին խաղացողներն իրենց ռազմավարական ծրագրերն առաջ տանեն՝ սեփական շահերի համար, բացահայտ կերպով օգտագործելով ՀՀ կառավարիչներին: Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հստակ երաշխիքների և վստահելի գործընկերային հարաբերությունների պարագայում: Արտաքին բիզնեսի համար, այսօրվա Հայաստանն օգտագործվել և օգտագործվում է որպես տրանզիտ, որից պետությունը որևէ մնայուն արժեք չի շահում՝ բացի ֆինանսական շրջանառությունից ստացված եկամուտներից: Դրանք էլ պարզ չէ, թե ո՞ր ոլորների զարգացմանն են ծառայել կամ ծառայում»: