Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Այգի հիմնելու պատրվակով Սերգեյ Բագրատյանը փորձում է արդարացնել ավազի ապօրինի արդյունահանումը

349
Շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ., 14:36
Այգի հիմնելու պատրվակով Սերգեյ Բագրատյանը փորձում է արդարացնել ավազի ապօրինի արդյունահանումը

«Հետք»-ը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ հայտարարեց, որ իր կնոջը պատկանող ընկերությունն ավազի ապօրինի արդյունահանում չի իրականացրել։ Ըստ պատգամավորի, Ռանչպար գյուղում հող են վարձակալել, որպեսզի այգի հիմնեն, սակայն, տեսնելով ավազը, որոշել են հողը մաքրել ավազից, իսկ վաճառված ավազից ստացած միջոցները պետք է ներդնեն այգի հիմնելու ծրագրում։ Իր բնորոշմամբ՝ թափոն համարվող ավազ տեղափոխելը հանքարդյունահանում չէ, ավելին՝ իրենք կարող էին մինչև 2 մետր խորությամբ ընդերքից նյութ հանել և տեղափոխել, որն օրինական է։ Այս պնդումները կարող էին ճիշտ լինել, եթե չլինեին դրանք հերքող մի շարք փաստեր։

Նոյեմբերի 15-ին հրապարակված հոդվածում ներկայացրել էինք մանրամասներ, թե ինչպես է պատգամավորի կնոջ ընկերությունն ավազի ապօրինի արդյունահանում իրականացնում Արարատի մարզի Ռանչպար գյուղում։

Մինչ հոդվածի հրապարակումը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էինք Սերգեյ Բագրատյանին։ Տեղեկանալով, որ պատգամավորն Իտալիայում կոնֆերանսի է մասնակցում, սպասեցինք, որպեսզի վերադառնա Հայաստան և պատասխանի մեր հարցերին։ Օրեր անց ԱԺ-ում հանդիպեցինք, սակայն հրապարակման համար պարզաբանում չստացանք։ Ոչ պաշտոնական զրույցից հետո նա խոստացավ, որ ավազի արդյունահանմանն առնչվող փաստաթղթերը կուղարկեն և առաջարկեց մեզ հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել ընկերութան տնօրինության հետ։ Մինչ հոդվածի հրապարակումը մենք չստացանք խոստացված փաստաթղթերը, ուստի հրապարակեցինք հոդվածը։ Այս մանրամասները չէինք գրի, եթե Սերգեյ Բագրատյանը պահեր ոչ հրապարակման նպատակով կայացած հանդիպման ընթացքում տրված խոստումը՝ ուղարկեր փաստաթղթերը։

Հոդվածի հրապարակումից հետո Սերգեյ Բագրատյանը մեզ 3 փաստաթուղթ է տրամադրել, որոնք վերաբերում են իր կնոջը պատկանող «Արարակ» ՍՊԸ-ի տնօրենի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության հետ նամակագրություններին։ 2022թ-ի դեկտեմբերին Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ի տնօրենը դիմել է Շրջակա միջավայրի նախարարին՝ խնդրելով նշանակել փորձաքննություն վտանգավոր թափոնների օգտահանման լիցենզիա ստանալու համար։ 2023թ-ի ապրիլին ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՍՊԸ-ի տնօրենին գրավոր հայտնել է, որ այն թափոնները, որոնք ցանկանում են տեղափոխել, ներառված չեն «վտանգավոր թափոնների ցանկում»։ Այսինքն, ավազը չի համարվում վտանգավոր թափոն, որը տեղափոխելու համար պետք է թույլտվություն ստանային։ Երրորդ գրությունը, որ մեզ տրամադրել է պատգամավորը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի նամակն է, որով ՍՊԸ-ի տնօրենին 2023թ-ի հունիսին հայտնում են, որ Ռանչպար գյուղի այդ տարածքում ընդերքօգտագործման իրավունք չկա, իսկ տարածքը օգտակար հանածոների հանքավայրերի պետական կադաստրում որպես հանքավայր չի հաշվառվում։ Այս նամակն էլ ստացվել է այն ժամանակ, երբ տարածքից մի քանի ամիս արդեն ավազ են արդյունահանել։

Վերը շարադրված փաստերը, Սերգեյ Բագրատյանի հայտարարությունները և մեր արձանագրած՝ ավազի արդյունահանման փաստերը համադրելով՝ եզրահանգում ենք, որ նամակագրություններով փորձել են քողարկել ավազի ապօրինի արդյունահանումը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։