Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Թանկարժեք կոնյակից` էժանագին բրենդի. ՀՀ-ն որոշել է ենթարկվել Ֆրանսիային ու ԵՄ-ին

194
Ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ., 22:48
Թանկարժեք կոնյակից` էժանագին բրենդի. ՀՀ-ն որոշել է ենթարկվել Ֆրանսիային ու ԵՄ-ին

Հայկական կոնյակի արտահանման հարցը «հայկական բրենդի» ապրանքային անվանումով, ունի երկու կողմ՝ քաղաքական և իրավական, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
«Աշխարհի 186 երկներ, որոնք վավերացրել են կոնյակի հետ կապված օրենսդրությունը, բաժանված են 2 խմբի. մի խումբն այն երկրներն են, որոնք գրանցել են իրենց աշխարհագրական անունները և կոնյակը, մյուս խումբը, որի մեջ մտնում է Հայաստանը, ԱՄՆ-ն և ևս 100 երկիր, կոնյակը չեն ընդունում՝ որպես աշխարհագրական անվանում, այլ համարում են խմիչքի տեսակ, և այդ 102 երկիրն իրենց տարածքում և իրար հետ առևտրում ազատորեն օգտագործում են «կոնյակ» բառը»,- պարզաբանել է Հարությունյանը՝ հավելելով, որ, եթե Հայաստանը ցանկանար, պարզապես չէր ենթարկվի ֆրանսիացիների պահանջին։
«Ուղղակի իրավական կարգով կարող էր չեղարկել մեր կառավարության որոշումը՝ ՍԴ-ում կամ որևէ այլ ճանապարհով, և մենք կմնայինք որպես «հայկական կոնյակ» արտադրող երկիր։ Այդ դեպքում կշարունակեինք կոնյակ արտահանել ԱՄՆ կամ այլ երկրներ, բացի ԵՄ երկրներից»,– ասում է մասնագետը։
ՀՀ կառավարությունը, սակայն, որոշել է գնալ այլ ճանապարհով, կամ ինչպես Ավագ Հարությունյանն է բնորոշում՝ կուրորեն ենթարկվել Ֆրանսիային կամ ԵՄ-ին։
ՀՀ կառավարության այս որոշումը մեր զրուցակցի համար տարօրինակ է նաև այն տեսանկյունից, որ ԵՄ շուկայում այս պահին հայկական կոնյակի մասնաբաժինը չնչին է՝ համեմատած ռուսական, ամերիկյան, չինական շուկաների հետ։
Բացի այդ, միջազգային շուկայում «հայկական կոնյակ» բրենդով նույն կոնյակը մի քանի անգամ ավելի թանկ է, քան «հայկական բրենդին», քանի որ «բրենդին» ընդունված է համարել ավելի էժանագին ըմպելիք։
«Մենք 30 տարի այդ գնային խնդիրն ունենք,- նշում է Հարությունյանը,- մենք կառավարությանը 30 տարի ասում ենք՝ եկեք անունը դնենք մի ուրիշ բան, սեփական բրենդ ստեղծենք, անգամ խորհրդային տարիներին էինք ասում։ Բայց մերոնք ասում էին, որ Խորհրդային Միությունն անմահ է, և այդ խնդիրն արդիական չէ»,- հիշում է նա։
Ավագ Հարությունյանն արձանագրում է, որ խնդիրն առկա է 1998-ից, երբ կոնյակի գործարանը հանձնվեց «Պեռնո Ռիկարին»։ Այդ պահիից ի վեր հայկական կոնյակը կորցրեց նոր բրենդով հանդես գալու իր հնարավորությունը։ Հետևաբար, նրա դիտարկմամբ, կառավարության նոր որոշումը իրավիճակի վրա արդեն որևէ նոր ազդեցություն չի գործի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: