Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

Սով ու մահ տվո՞ղ, թե՞ բարեհաջողություն ու առողջություն պարգևող. արջի պաշտամունքը Հին Հայաստանում

1217
Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 22:48
Սով ու մահ տվո՞ղ, թե՞ բարեհաջողություն ու առողջություն պարգևող. արջի պաշտամունքը Հին Հայաստանում

Անցյալ դարի կեսերին, երբ հնագետների կողմից ակտիվորեն պեղվում էին Հին Հայաստանի այնպիսի նշանավոր մայրաքաղաքներ, ինչպիսիք էին Արտաշատը, Արմավիրը և այլ վայրեր, բազմաթիվ արժեքավոր գտածոներ հայտնաբերվեցին, որոնց մեջ աչքի էր ընկնում կավից պատրաստված անոթների մի տեսակ, որոնք ունեին արջի տեսք։

Արտաշատ, 1-ին դար, կավ
Արտաշատ, 1-ին դար, կավ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արջակերպ այդ անոթները ունեին ծիսական բնույթ, հետևաբար, արջը հին ժամանակներում առավել պաշտելի կենդանիներից է եղել մարդու կողմից, որին մի շարք գերբնական և ծիսական հատկություններ են վերագրվել։ Այդ ծիսական անոթների մեջ հեղուկ է լցվել գլանաձև ձագարից, իսկ դատարկվել է կենդանու քթի և աչքերի անցքերից։
Արտաշատ, 1-ին դար, կավ
Արտաշատ, 1-ին դար, կավ

Ընդհանրապես, կենդանակերպ անոթները Հայաստանում պատրաստել են մ․թ․ա 2-րդ հազարամյակի երկրորդ կեսից սկսած։ Այդ անոթները համարվում էին աստվածությունների կենդանակերպ նմանակումը և օգտագործվել են այդ աստվածություններին առնչվող արարողություններում։ Դրանցից հեղուկ ըմպելը խորհրդանշել է աստվածային ուժի ստացում, մերձեցում տվյալ աստվածությանը։
Արտաշատ, 1-ին դար, կավ
Արտաշատ, 1-ին դար, կավ

Հայ բանահյուսական նյութի (ավանդույթներ, հանելուկներ, հեքիաթներ և այլն) քննությամբ բացահայտվել է արջի կերպարը՝ որպես մեռնող և հարություն առնող բնության աստվածություն։ Արջը հանդես է գալիս՝ որպես բարեհաջողություն, առողջություն պարգևող աստվածություն, բայց նա նաև սով ու մահ տվող է։ Ահա թե ինչու արջակերպ խեցեղենի անոթների վրա արջերի մռութներին ժպտավուն արտահայտություն են տվել, որպեսզի արժանանան աստվածության բարեհաճությանը։ Արջը համարվել է նաև ընտանիքի և ծննդկանների, ինչպես նաև երկրագործության և անասնապահության հովանավոր աստվածություն։
Արենի, արջակերպ անոթ
Արենի, արջակերպ անոթ

Արջի պաշտամունքի բավականին երկար ընթացը (մ․թ․ա 2-րդ հազարամյակից մինչև քրիստոնեություն), թույլ է տալիս ենթադրել, որ որպես աստվածություն արջը կարող էր ունենալ նաև մարդեղային նմանակում։ Արջը նույնացվել է Արա գեղեցիկի հետ, իսկ քրիստոնեության ընթացքում տարածված էր այն ավանդազրույցը, թե իբր արջը մասնակցում էր եկեղեցու կառուցմանը, իսկ սատկելուց հետո թաղվում էր դրանց կողքին, որից հետո նրանց գերեզմանը դառնում էր սրբավայր։ Արջի գերեզման կա Արցախի Պտկսաբերկ եկեղեցու մոտ։