Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

Տաթևի վանքի նորահայտ ծածկագիրը, որը պետք է կարդալ աջից ձախ և հայելու օգնությամբ

3869
Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 22:54
Տաթևի վանքի նորահայտ ծածկագիրը, որը պետք է կարդալ աջից ձախ և հայելու օգնությամբ

Վերջերս լույս է տեսել վիմագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի՝ «Տաթևի վանքի նորահայտ ծածկագիրը» հոդվածը, որտեղ ներկայացվել է Տաթևի վանքում նորահայտ եռատող մի արձանագրություն, որի բովանդակությունը մինչ այժմ, կարելի է ասել, մնացել էր անընթեռնելի։
Տաթևի վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային արտաքին պատի գրեթե ճակտոնային մասում պահպանվել է մի արձանագրություն, որը գրվել է ծածկագրով։ Ժամանակին որոշ մասնագետների կողմից փորձ կատարվել է վերծանել արձանագրության բովանդակությունը, սակայն աշխատանքը կատարվել է մասնակի և ոչ լիարժեք։ Արձանագրության ընթերցմանը խոչընդոտել են մի շարք հանգամանքներ, օրինակ բարձր տեղադրությունը, խոնավությունից եղծվածությունը և որ ամենակարևորն է, գրության ձևը։

Արձանագրության տեղը Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատին: Լուսանկարիչ՝ Արսեն Հարությունյան
Արձանագրության տեղը Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատին: Լուսանկարիչ՝ Արսեն Հարությունյան
Վերջերս որակյալ լուսանկարների միջոցով վիմագրագետ Արսեն Հարությունյանին հաջողվել է վերծանել արձանագրությունը, ինչից ակնհայտ է դարձել, որ այն գրվել է աջից ձախ և շրջագիր, այսինքն, հայելային գրչությամբ։ Եռատող արձանագրությունից պարզ է դարձել, որ այն նվիրվել է երեք հոգևոր հայրերի՝ Տեր Անտոն, Տեր Ստեփանոս և Հայր Կիրակոս Եպիսկոպոսներին, որոնց հոգու փրկության համար արձանագրության հարևանությամբ կերտվել են զույգ խաչեր՝ որպես միջնորդ հիշատակված հավատացյալների հոգիների և Ամենակալի միջև։ Եռատող արձանագրությունից բացի այստեղ կարդացվել են նաև «Կոլիճան» և «Տերին» անունները, ինչպես նաև արձանագրության թվականը (1537)։
Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատի գաղտնագրված արձանագրությունը
Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատի գաղտնագրված արձանագրությունը

Հեղինակի կարծիքով՝ վիմագրում հիշատակված հոգևոր հայրերն այցելու-նվիրատուներ են, որոնք ուխտի են գնացել Տաթևի վանք և որոշակի նվիրատվություն արել, որի դիմաց եկեղեցու որմերի վրա հիշատակագրման են արժանացել: Տեքստը, ըստ ամենայնի, ծածկագրվել է նվիրատուների ցանկությամբ, որոնք ձգտել են գաղտնի մնալ և պաշտպանել իրենց անունները։
Ինչպես հեղինակը նշում է իր հոդվածում, ծածկագրությունը կամ գաղտնագրությունը խոր արմատներ ունի ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրավոր-մշակութային ժառանգության մեջ: «Կրիպտոգրաֆիա» (cryptography, հուն. χρυπτός - գաղտնի և γραφή - գրություն) միջազգային անունով հայտնի այս երևույթի հիմքում տարբեր իրողություններն ու անունները գաղտնի ու անեղծ պահելը, դրանք տգետ մարդկանց վայրագությունից ապահովագրելն ու սերունդներին ավանդելն էր։
Տաթևի վանական համալիր
Տաթևի վանական համալիր

Հայկական ծածկագրությունը՝ իբրև առանձին գիտաճյուղ, դեռևս 19-20-րդ դդ. արժանացել է հայ և օտարազգի հետազոտողների ուշադրությանը։
Շրջագիր ծածկագրության դեպքում տառերը պատկերվում են շրջված, հիմնականում հայելային եղանակով, ինչի հետևանքով ընթերցումը դարձել է աջից ձախ:
Ուսումնասիրողներից Հր. Աճառյանն ու Ա. Աբրահամյանը նշում են, որ նմանօրինակ ծածկագրության վերծանությունը հնարավոր և դյուրին է առաջին հերթին հայելու անդրադարձման միջոցով, կամ պարզապես պետք է գիրը պատճենել թափանցիկ թղթի վրա և, պահելով լույսի դիմաց, վերծանել այն։
Ի դեպ, հայերեն վիմագրերում շրջագիր ծածկագրության այլ օրինակներ ևս հայտնի են։ Նման արձանագրություններ են հայտնաբերվել Լոռու մարզի Կուրթան գյուղում, Թանահատի վանքում, Սևանավանքում, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում և այլն։