«Պատմության դասագրքերի թեման կրկին դարձել է «պատմություն»». Վահրամ Թոքմաջյան
4264
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 17:06
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում պատմության դասագրքերի թեման կրկին դարձել է «պատմություն» և այս առնչությամբ լրագրողներից ստանում եմ զանգեր, ապա հարկ եմ համարում կատարել մի քանի պարզաբանում։ Դրանք կարող են օգնել խնդիրը լուսաբանող լրագրողներին։ Քննարկման թեմա է դարձել հատկապես Հայոց պատմության նորագույն շրջանի արտացոլումը դպրոցական դասագրքերում։ Ա․ 2018թ–ից հետո, Հայոց պատմության դասագրքերի մրցույթ չի հայտարարվել և չունենք նոր դասագրքեր։ Բ․ Նորագույն շրջանն հիմնականում արտացոլված է 12–րդ դասարանի «Հայոց պատմություն» և 9-րդ դասարանի զուգահեռ գործող երկու «Հայոց պատմության» դասագրքերում։ Գ․ 12–րդ դասարանում գործում է «Հայոց պատմության» լրամշակված տարբերակը և իրադարձությունների շարադրանքը հասցված է մինչև 2016թ․ ապրիլյան պատերազմ։ Գիրքը լույս է տեսել 2016թ․–ին։ Դ․ 9–րդ դասարանի դասագրքերի մասով, 2019թ․ ԿԳ նախարարի 82–Ա/2 հրամանով ստեղծվել է հանձնաժողով, «Հայոց պատմության» ծրագիրը, դասագիրքը վերանայելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Ե․ Հանձնաժողովը, որի կազմում եղել եմ նաև ես, «Զանգակ» հրատարակչության հեղինակային խմբին ներկայացրել է 220, իսկ «Մանմար» հրատարակչության հեղինակային խմբին՝ 307 առաջարկություններ և դիտարկումներ (բովանդակային, փաստական, մեթոդական, տեխնիկական, ծրագրային)։ Զ․ Հեղինակային խմբերի կողմից ընդունվել են առաջարկությունների 95 տոկոսը և նրանք սկսել են լրամշակել դասագրքերը։ Է․ Իրադարձությունների շարադրանքը հասցնել մինչև 2018թ․ իրադարձություններ՝ «թավշյա հեղափոխություն», մեր հանձնաժողովը չի առաջարկել։ Այդ առաջարկը կատարել է նախկին ԿԱԻ–ն(Կրթության Ազգային ինստիտուտ) կողմից և կարող է լինել հեղինակների նախաձեռնությունը։ Ը․ Որքան ես եմ տեղյակ, 1991թ․–ից հետոյի իրադարձությունների տեքստերի վրա աշխատել են Էդիկ Մինասյանը և Էդիկ Գևորգյանը, համապատասխանաբար «Մանմար» և «Զանգակ» հրատարակչությունների կողմից։ Փոփոխությունների վերանայման փուլում, աշխատանքները հարթ են ընթացել պարոն Գևորգյանի հետ։ Այնուհետ, ԿԳ նախարարը ստացել է մի անհասկանալի փաստաթուղթ՝ ԿԱԻ–ի կողմից։ Հանձնաժողովն ամբողջ կազմով, նույն տարվա հուլիսին, ստորագրել և հրաժարվել է գնահատական տալ վերաշարադրված դասագրքերին։ Այսինքն մենք գործ ունենք ոչ թե նոր, այլ վերաշարադրված դասագրքերի հետ, որոնք հիմա գործում են դպրոցներում։ Ի՞նչ է փորձարկվել Տավուշի մարզում Տավուշի մարզում փորձարկվել են նոր չափորոշիչներից բխող 2, 5, 7, 10–րդ դասարանների առարկայական ծրագրերը, գնահատումը և այլն։ Նոր դասագրքեր չկան և չէին կարող փորձարկվել։ Փորձարկման արդյունքում հաստատվել են լրամշակված ծրագրերը։ Ե՞րբ են ստեղծվելու նոր դասագրքերը Նոր դասագրքերի մրցույթները՝ բխող 2, 5, 7, 10–րդ դասարանների չափորոշիչներից և առարկայական ծրագրերից այժմ ընթացքի մեջ են։ Վերջնաժամկետը մայիսն է։ Արդյունքները թերևս կամփոփվեն հունիս ամսին»։