Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Ռուսական մշակույթի տուն կառուցելուց առաջ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի շենքը վերակառուցեք». Դավիթ Ղահրամանյան

278
Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 01:00
«Ռուսական մշակույթի տուն կառուցելուց առաջ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի շենքը վերակառուցեք». Դավիթ Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրել է. «Թատրոնը երկրի, պետության հայելին է, կամ խէ՞ Ստեփանակերտ թատրոն կա։
Հեռավոր 2012թ․ էր, երբ Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին վթարային պայմաններից ելնելով, տեղահանեցին երիտասարդության պալատի շենք, ասելով, թե իբր աշխատում են թատրոնի շենքի նոր նախագծի վրա։ Հետո ասացին, որ նախագիծը պատրաստ է, բայց գումարը չի հերիքում։ Հետո գումարը հերիքում էր, նախագիծը լավը չէր, հետո գումարը ընդհանրապես անհայտացավ, և այսպես 11 տարի կրուտիտներ էին անում, իսկ շենքը, որը ճարտարապետական իր շքեղությամբ չի զիջում ամբողջ տարածաշրջանում և ոչ մի թատերական շենքի, փլվում էր, իսկ շենքի չորս կողմը բառիս բուն իմաստով զուգարանի վերածվեց։ Այդ 11 տարիների ընթացքում տարբեր բարեգործական իվենթներ կազմակերպվեցին, Մայր Հայաստանի տարբեր թատրոններ ներկայացումներ խաղացին, որոնցից ստացված գումարը պետք է ուղղվեր թատրոնի շենքի վերակառուցմանը, սակայն այդ գումարներն էլ անհայտացան։
Երկրի նախագահների կողմից խոստումներ լսեցինք շենքի մոտալուտ վերակառուցման մասին, որոնք նույնպես ՀՕԴՍ ՑՆԴԵՑԻՆ։
Հետո եղավ 2020թ․-ի պատերազմը, որից հետո առավելևս հույս չունեինք, որ մոտ ապագայում կվերադառնանք մեր պատմական, մշակութային մեծ արժեք ունեցող, հազարավոր սերունդներ կրթած մայր թատրոնի շենք, հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները, որոնք կարճաժամկետ լուծում էին պահանջում։
Էլի կհամբերեի և այս գրառումը չէի անի, եթե այսօր աչքովս չընկներ մի դրվագ կապված ժամանակին Ստեփանակերտի կինոյի տուն կոչվող «Ռոսսիա» շենքի հետ, որը երկար տարիներ է՝ եսիմ ինչ խաղերի պատճառով չէր գործում։
Պարզվում է, որ այդ շենքը ուզում են վերանորոգեն և օգտագործեն, որպես ռուսական մշակույթի տուն և դա, ինչպես հասկացա, արվում է պետական մակարդակով։
Հարգարժան պետական այրեր ջան, նայեք այս լուսանկարներին, և հիշեք, որ սա մեր դեմքն է, մեր պետության դեմքը, վերջապես ձեր դեմքն է և ռուսական մշակույթի տուն կառուցելուց առաջ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը վերակառուցեք, որն արդեն 91 տարեկան է։
Իսկ Ստեփանակերտում այո, թատրոն կա»։