Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք». ՀՀ վարչապետ

341
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 08:42
«Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք». ՀՀ վարչապետ

Ինչպես հայտնել էինք, Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիային ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր: «Խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։

Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար»,- ասել է ՀՀ վարչապետը։