Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ.

Ըմբիշները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

145
Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 19:48
Ըմբիշները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում վաղվանից մեկնարկում է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ազատ ոճային ըմբիշները՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, վերջին մարզումներն են անցկացնում Օլիմպավանում՝ Սերբիա մեկնելուց առաջ:

Գլխավոր մարզչի խոսքով՝ իրենց հիմնական խնդիրն աշխարհի առաջնությունում լավ հանդես գալն է․ «Տղաները լավ մարզավիճակում են, ցանկացած գոտեմարտում պայքարելու են հաղթանակի համար։ Նրանք արդեն ապացուցել են իրենց բարձր կարգը միջազգային մրցաշարերում։ Դժվար է կանխատեսումներ անելը, բայց վստահ եմ՝ ավելի լավ հանդես կգանք, քան աշխարհի նախորդ առաջնությունում»։

Ըմբիշները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
Ըմբիշները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Հաբեթնակ Կուրղինյանի գնահատմամբ՝ այս մեկ տարվա ընթացքում դրական մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի մասին վկայում են նաև այս ընթացքում կայացած Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում և ուսումնամարզական հավաքներում գրանցած արդյունքները. «Նախորդ տարվա համեմատ իրենց վիճակն ավելի լավ եմ գնահատում, իսկ հնարավորությունները՝ ավելի բարձր»։

Նշենք՝ ազատ ոճայինները Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 6 ըմբիշով:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Ըմբիշները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
Ըմբիշները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Հաբեթնակ Կուրղինյանն ասում է՝ 6 հոգին մեր երկրի համար քիչ թիվ չէ, հատկապես երբ հաշվի ենք առնում նրանց որակները. «Մնացած 4 քաշային կարգերում, ցավոք, այս պահին չունենք մարզիկներ։ Երիտասարդական հավաքականում հեռանկարային տղաներ ունենք, որ հետագայում կարող են համալրել մեծերի կազմը, բայց այս պահին դեռ չունենք»:

Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն էլ աշխարհի պատանեկան առաջնությանն ընդառաջ խոստովանել է՝ չեմպիոնությունը նվաճելն իր երազանքն է․«Նպատակը մեկն է՝ կարողանալ լավ մասնակցել աշխարհի առաջնությանը և ոսկե մեդալով վերադառնալ։ Ոչինչ չեմ խնայել այս նախապատրաստական փուլում։ Շատ եմ ուզում հաղթել, դա իմ երազանքն է։ Ամեն ինչ անելու եմ, որ շատ լավ մասնակցեմ։ Եվրոպայի առաջնության ժամանակ թույլ տված սխալներիս վրա շատ եմ աշխատել ու հիմա շատ լավ մարզավիճակում եմ։ Վստահ եմ՝ շատ լավ եմ մասնակցելու»:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 18-ը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստան հավաքականի կազմում էլ մրցավայր կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ Թիմն աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցելու է Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ։

Ըմբիշները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
Ըմբիշները վաղվանից սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում