«Կանխիկի սահմանափակումը ստվեր չի կրճատելու, այլ լրացուցիչ գլխացավանք է դառնալու». Կառլեն Խաչատրյան
634
Ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ., 12:06
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի գրառումը. «ԿԱՆԽԻԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՍՏՎԵՐ ՉԻ ԿՐՃԱՏԵԼՈՒ, ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ԴԱՌՆԱԼՈՒ Արդեն 15 օր է, ինչ ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որը 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պարտադրում է իրականացնել անկանխիկ, իսկ առանձին գործարքների դեպքում սահմանվել են ավելի փոքր սահմանաչափեր։ Օրինակ՝ գրավատները 80,000 ՀՀ դրամը գերազանցող վարկը պետք է տրամադրեն անկանխիկ, առողջապահական ոլորտի ցանկացած ծառայության վճար պետք է գանձվի անկանխիկ, խորհրդատվական, փաստաբանական, նոտարական ծառայությունների դիմաց վճարները ևս պետք է լինեն անկանխիկ՝ անկախ դրանց մեծությունից: Երկրում, որտեղ հասարակության մի զգալի մասը պարզապես չունի բանկային հաշիվ, իսկ բանկային քարտապանների ստվար զանգվածը այն գործածում է ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձի կամ կենսաթոշակի ստացման օրը բանկոմատից ողջ գումարը կանխիկացնելու համար, նման սահմանափակումը կենսունակ լինել չի կարող։ Ի դեպ, այս պահին կենսաթոշակառուների մոտ 30%-ը կենսաթոշակը ստանում է կանխիկ։ Նման պարտադրանքը պարզապես գլխացավանք է դառնալու անկանխիկ վճարման գործիքներին չտիրապետող բնակչության մեծ մասի համար։ Փոխարենը կարելի էր տարբեր ծրագրերի միջոցով խթանել բանկային քարտերից օգտվելը, քայլեր ձեռնարկել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և անկանխիկ վճարման միջոցներն առավել ակտիվ գործածելու համար։ Ընդ որում, այս պարտադրանքը գլխացավանք է ոչ միայն բնակչության, այլև տնտեսվարողների համար, և խնդիրը բնավ ստվերային գործարքների ծավալը կրճատելը չէ, ինչպես պնդում են պատկան մարմինները։ Որևէ մեկը թող հոդաբաշխ կերպով բացատրի, թե ինչպե՞ս է այս սահմանափակումը նպաստելու ստվերի կրճատմանը։ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ։ Փոխարենը ունենք հետևյալ պատկերը. Հայաստանի Հանրապետությունում գրանցված է մոտ 66.000 ՀԴՄ սարք, որոնցից մոտ 50.000-ի վրա անկանխիկ վճարման հնարավորությունը դեռևս ակտիվացված չէ։ ՀԴՄ սարքի վրա այդ հնարավորության ակտիվացումը տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է ենթադրում՝ ամսական նվազագույնը 4.800 դրամ։ Ամենահամեստ հաշվարկներով բիզնեսն ամսական մոտ 1 մլն դոլար է վճարելու բանկերին որպես միջնորդավճար։ Ի դեպ, կանխիկի նկատմամբ որևէ սահմանափակում չկա, անգամ շատ ավելի կայացած բանկային համակարգ, ֆինանսական և տեխնոլոգիական գրագիտության առավել բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան և բազմաթիվ այլ զարգացած երկրներ։ Իսկ այն երկրներում, որոնք այդուհանդերձ որոշակի սահմանափակումներ են կիրառում, սահմանաչափերն անհամեմատ բարձր են. օրինակ՝ Չեխիայում 14.000 եվրո է սահմանված, Բուլղարիայում և Սլովակիայում՝ 5.000 եվրո և այլն։ Օբյեկտիվ հարց է առաջանում. Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու իմաստը ո՞րն է, տնտեսությունում անհարկի դժվարություններ առաջացնելը, թե՞ բանկերին ի հաշիվ քաղաքացիների կամ բիզնեսի հարստացնելը»։