#COVID_19-ի վերաբերյալ հայկական գիտական հետազոտությունների արդյունքները հրապարակվել են միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում
![]() Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները 2022 թվականի փետրվարին տպագրվել են իմունոլոգիայի միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում՝ «Frontiers in Immunology» գիտական ամսագրում և ապացուցում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ COVID-19-ի խիստ անհատական ընթացքը և սաստկության մեծ դիապազոնը (առանց համախտանիշների ընթացքից մինչև մահվան ելք) հիմք են տալիս մտածելու, որ հիվանդի իմուն համակարգն ու գենետիկ կառուցվածքն առանցքային դեր ունեն հիվանդության ընթացքի, սաստկության և հետևանքների գործում: Բազմաթիվ գիտական հրապարակումներ կան, որոնք հաստատում են մարդու լեյկոցիտային անտիգենների (Human Leukocyte Antigen /HLA) և COVID-19 հիվանդության կապակցվածությունը: Աշխարհում HLA անտիգենների ազդեցության ուսումնասիրությունը և հիվանդության վրա ազդող այլ գործոնների (տարիք, սեռ, ուղեկցող հիվանդություններ) համադրումը խիստ կարևոր է, ուստի 2020 թվականից բազմաթիվ երկրներում COVID-19 պացիենտների շրջանում կատարվել են HLA անտիգենների հետազոտություններ: Տվյալների բազմակենտրոն մշակումը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն գործոնները, որոնք մարդկանց դարձնում են ավելի խոցելի կամ պաշտպանված հիվանդության նկատմամբ: Նմանատիպ հետազոտություն իրականացնող առաջին կենտրոններից է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, որի տիպավորման լաբորատորիան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողների և «ClinSoft» կազմակերպության հետ կարճ ժամկետներում մշակել են հետազոտության սխեման: Հետազոտությանը մասնակցել է COVID-19-ով վարակված 300 պացիենտ՝ բաժանված երեք ենթախմբի՝ ըստ հիվանդության ախտանիշների: Որպես համեմատական խումբ՝ վերցվել են ռեեստրի 5000 կամավոր դոնորների տվյալները: Ե՛վ հիվանդները, և՛ համեմատական խմբի կամավոր դոնորները տիպավորված են եղել ժամանակակից սեքվենավորման եղանակով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ HLA-C*04:01 անտիգենի բարձր հաճախականությունը մարդկանց տարիքային բարձր խմբում կարող է բերել հիվանդության ավելի ծանր ընթացքի: Ստացված տվյալներն ունեն գիտական և, առավել ևս, գործնական նշանակություն հանրային առողջության պահպանման ոլորտում, քանի որ ևս մեկ անգամ հիմնավորում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը COVID-19-ի դեմ, ինչը թույլ կտա կանխել հիվանդության ծանր ընթացքը: |

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
67113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
75513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
49312.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
76512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
49506.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
80905.07.2026, 20:58
