«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
65
Այսօր, 20:18
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Met Office-ի գիտնականներն ապացուցել են կլիմայի փոփոխության բացարձակ անշրջելիությունը։ Met Office-ի գիտնականները բացահայտել են, որ նույնիսկ CO₂-ի մակարդակը նվազեցնելու դեպքում բևեռային սառույցների վերականգնման համար դարեր կպահանջվեն Մեծ Բրիտանիայի Met Office-ի գիտնականները պարզել են, որ նույնիսկ եթե մթնոլորտում ածխաթթու գազի (CO₂) պարունակությունն արհեստականորեն վերադարձվի նախաարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակին, բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ։ Climatic Change գիտական ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ հիմնական պատճառը Համաշխարհային օվկիանոսի խորքային շերտերում կուտակված ջերմությունն է։ Գլոբալ տաքացման ընթացքում օվկիանոսը կլանում և խորքերում պահպանում է հսկայական քանակությամբ ջերմային էներգիա, իսկ հետագայում այն շատ դանդաղ է վերադարձնում մթնոլորտ և մակերևութային շերտեր։ Բևեռային շրջաններից և ոչ մեկում ծովային սառույցը չի վերադառնում իր նախաարդյունաբերական վիճակին։ Սա ցույց է տալիս, որ տաքացման բարձր մակարդակների դեպքում կլիմայական համակարգը հեշտությամբ շրջելի չէ․ եզրակացնում են հետազոտության հեղինակները։ Հետազոտությունն իրականացվել է ժամանակակից HadGEM3-GC3.1-LL կլիմայական մոդելի միջոցով։ Գիտնականները մոդելավորել են մի իրավիճակ, երբ մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիան կտրուկ աճել է չորս անգամ, որից հետո տարբեր փուլերում՝ 25, 100, 250 և 1000 տարի անց, այն աստիճանաբար վերադարձվել է նախաարդյունաբերական մակարդակին։ Փորձը ցույց է տվել, որ սառեցման փուլում օվկիանոսը ջերմությունը կորցնում է շատ ավելի դանդաղ, քան այն կլանում է տաքացման ժամանակ։ Արդյունքում կլիմայական համակարգն անցնում է նոր՝ «քվազիհավասարակշռված» վիճակի, որը շարունակում է ավելի տաք մնալ, քան մինչ CO₂-ի մակարդակի բարձրացումը։ Սա երկարաժամկետ փոփոխություններ է առաջացնում Երկրի բևեռային շրջաններում։ Արկտիկայում ուժեղանում է այսպես կոչված «ատլանտիֆիկացիան»՝ Ատլանտյան օվկիանոսից ավելի տաք ջրերի ներհոսքը, ինչը խոչընդոտում է ծովային սառույցի վերականգնմանը։ Միևնույն ժամանակ Հարավային օվկիանոսը տաքացման ընթացքում զգալի քանակությամբ ջերմություն է տեղափոխում և կուտակում խորքային շերտերում։ Երբ մթնոլորտը սկսում է սառչել, խորքային կոնվեկցիայի միջոցով այդ ջերմությունը կրկին դուրս է բերվում դեպի մակերևույթ՝ խոչընդոտելով Անտարկտիկայի ծովային սառույցների վերադարձին նախկին վիճակին։ Գիտնականները զգուշացնում են, որ այս արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են գլոբալ ջերմաստիճանի սահմանված շեմերը նույնիսկ ժամանակավորապես գերազանցելու վտանգը։ Եթե անգամ ապագայում մարդկությանը հաջողվի մթնոլորտից հեռացնել ավելցուկային ածխածինը և CO₂-ի մակարդակը վերադարձնել նախկին արժեքներին, կլիմայական համակարգի հավասարակշռությունը արագ վերականգնել հնարավոր չի լինի»։