Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանի որոշումների մասին

794
Երկուշաբթի, 13 դեկտեմբերի, 2021 թ., 15:00
Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանի որոշումների մասին

«Կարելի է ասել՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պահանջների բովանդակային մասը մեծամասամբ բավարարված է»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի դատարանի կողմից հրապարակված որոշումներին:

«Դատարանը մի քանի կարևոր արձանագրումներ արեց: Իհարկե, հայրենադարձման մասով դատարանը չհամարեց, որ այդ պահանջը բխում է ռասսայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի դրույթներից, այնուամենայնիվ, դատարանն ընդգծեց, որ ընդհանուր հայրենադարձման վերաբերյալ հարցերը, այսինքն՝ զինված ընդհարումների հետևանքով գերեվարված անձանց հարցերը, կանոնակարգվում են մարդասիրական իրավունքի համատեքստում»,- ասաց նա:

«Դատարանի հաջորդ կարևոր արձանագրումը՝ էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի հրահրելուն և տարածելուն է վերաբերում: Դատարանն ընդգծեց, որ նմանատիպ ատելության խոսքը կամ քարոզը իրականացվում են բարձրաստիճան անձանց շուրթերից և պետական ինստիտուտների ներգրավմամբ, և դա կարող է ստեղծել այնպիսի միջավայր, որը կարող է սպառնալ անձանց ֆիզիկական և հոգեկան անվտանգությանը»,- նշեց Ե. Կիրակոսյանը՝ հավելելով, որ հայկական մշակութայի ժառանգության նկատմամբ վանդալիզմի մասով ևս կարևոր արձանագրում եղավ, այն է՝ դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից այս հրատապ միջոցների վերաբերյալ որոշումներն ունեն միջազգայնորեն պարտադիր նշանակություն, և ըստ իրավական կանոնադրության, ՄԱԿ-ի դատարանն այս մասին անմիջապես ծանուցում է անվտանգության խորհրդին: