Բռնցքամարտի Եվրոպայի 2022թ. առաջնությունը կանցկացվի Հայաստանում
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարած և ընթացիկ աշխատանքները: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ արվում է առավելագույնն առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. «Եվրոպայի առաջնության կարևորությունը ներկայացնելու կարիք չկա: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովի հետ բանակցությունները տվել են դրական արդյունք, և առաջնության անցկացումը վստահել են մեզ: ՀՀ կառավարությունը հանձն է առել համակողմանի աջակցել: Շուտով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը աճող հաճախականությամբ կանցկացնի նիստեր և կանի ամեն ինչ՝ առաջնությունը պատշաճ կազմակերպելու համար: Համագործակցելու ենք Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի բարձր մակարդակով, և Հայաստանն իսկապես մարզական տոն կընդունի: Կանենք առավելագույնը, որպեսզի մասնակից մարզիկ-մարզիչները հետագայում ևս Հայաստան ժամանելու ցանկություն ունենան»: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ մենամարտերին կկարողանա հետևել 6200 հանդիսական: Ակնկալվում է մինչև 45 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի շուրջ 300 բռնցքամարտիկ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Երևանում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք հուլիսին կատարած այցի ժամանակ ներկայացվել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար մեծ աշխատանք է տարվել, ինչի արդյունքում AIBA-ում 9 քվեարկողից 7-ը ձայնը տվել է մեզ. «Պատասխանատու և լուրջ քայլ ենք կատարել: ԿԳՄՍ նախարարությունը, ՀԱՕԿ-ը, ֆեդերացիան, սպորտի հետ առնչություն ունեցող բոլոր կառույցներն այդ պատասխանատվությունը հավասարաչափ վերցրել են իրենց ուսերին: Այսօր ի դեմս Հովհաննես Բաչկովի՝ ունենք բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոն: Լիահույս եմ, որ Երևանում կայանալիք առաջնության ընթացքում և դրանից հետո կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի չեմպիոններ, և այս մրցաշարը կդառնա նոր սկիզբ Հայաստանում բռնցքամարտի զարգացման համար»: ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ֆեդերացիայի նախագահը խոսել են նաև Հայաստանի բռնցքամարտի հավաքականին սպասվող առաջնությանը լավագույնս նախապատրաստելու կարևորության մասին: «Մենք երկար ենք սպասել Հայաստանում նման մրցաշար անցկացնելու հնարավորությանը: Համոզված եմ՝ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր երկրում անցկացվող առաջնության ընթացքում հնչի օրհներգը: Բնականաբար, լավագույնս ենք պատրաստվելու առաջնությանը: Բռնցքամարտի հավաքականը համապատասխան ծրագրով առաջ է շարժվում և աշխատում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցունակ հավաքական ունենալու գործում կարևորել է նաև երկրպագուների դերը. «Այսօրվանից կոչ եմ անում, որ առաջնության ընթացքում տրիբունաներում ազատ աթոռ չլինի: Մեր աջակցությամբ պետք է նպաստենք հավաքականի հզորացմանը, այդ դեպքում հաղթանակները սպասեցնել չեն տա»: Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են ընթանում Հայաստանում այլ մարզաձևերից ևս բարձրակարգ առաջնություններ անցկացնելու ուղղությամբ. «Ամեն տարի Հայաստանում պետք է կայանա նվազագույնը երկու խոշոր առաջնություն: 2022 թվականի առաջնությունների անցկացման նպատակով հայտեր ներկայացնելու համար մի փոքր ուշ է, իսկ 2023 թվականի համար արդեն իսկ ծրագրել ենք երկու շատ լուրջ մրցում: Ընթանում են բանակցություններ, ճանապարհի մեծ մասն անցել ենք, առավել մանրամասն կհայտարարենք վերջնական պայմանավորվածություններից հետո»: |

Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
53912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
34712.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
75409.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21607.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17007.01.2026, 16:24
Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը
76107.01.2026, 14:36
