Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

309
Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 03:06
Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը, որը տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել: Այն կներկայացվի հոկտեմբերի 6-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգին մասնակցում են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Տիրամայր Հայաստանի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան)։ Երաժշտախմբերը ելույթ կունենան Գերմանիայից մեր երկիր ժամանած դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, ով առաջին անգամ չէ հանդես գալիս մեր երկրում։

Որպես մենակատարներ՝ հանդես կգան Գերմանիայից հատուկ այս համերգի համար ժամանած երաժիշտներ Ֆրանցիսկա Բոբեն (սոպրանո), Սեդա Ամիր-Կարայանը (ալտ), Մարտին Փեթցոլդը (տենոր), Դասթին Դրոսձիոկը (տենոր), Յենս Համանը (բաս), Անդրեաս Շայբները (բաս)։

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» մեծակտավ ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 1727 թ․։ Ընդհանուր տևողությունը երեք ժամ է, գործը բաղկացած է 78 մասից։ Այն երաժշտական ժառանգության գագաթնակետերից է։ Հետաքրքրական է, որ Բախը հոգևոր թեմատիկայով հեղինակել է 4 կամ 5 չարչարանք, սական միայն երկուսն են հասել մեր օրեր։ Բախի երկու չարչարանքներն էլ բազմիցս հնչել են թե՛ հեղինակի, թե՛ հաջորդող սերունդների կողմից։

Ֆիլիպ Ամելունգն առաջին անգամ չէ համագործակցելու հայաստնայան կոլեկտիվների հետ։ 2020 թվականին մեր երկրում ներկայացվել էր Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը։ Նախորդ տարի դիրիժորը նշել էր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ շատ հարմար է աշխատել, և մեր երկրում երաժշտության կատարման մակարդակը շատ բարձր է։

Նշենք, որ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգն իր ժամանակների ամենաճկուն դիրիժորներից է: Իր երաժշտական կարիերան սկսել է ութ տարեկանից՝ Տյոլցի տղաների երգչախմբում, որտեղ և հետագայում աշխատել է: Հանդես է եկել Georgian Chamber Orchestra Ingolstadt, Munich Symphony Orchestra, Southwest German Chamber Orchestra Pforzheim, Karlovy Vary Symphony Orchestra, North Bohemian Philharmonic Orchestra Teplice և այլ կոլեկտիվների հետ: Սերտորեն համագործակցում է նաև բարոկո նվագախմբերի հետ: Մյունխենում 2000 թվականին հիմնադրել է երաժշտական փառատոն: Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Թյուբինգենի համալսարանի երաժշտական տնօրենն է, այդ պաշտոնին է ընտրվել՝ 140 դիմողների հաղթելով: