Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Փարաջանովը Լեդի Գագայի հոլովակի նմանակման միակ աղբյուրը չէ». Զավեն Բոյաջյան

916
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 17:25
«Փարաջանովը Լեդի Գագայի հոլովակի նմանակման միակ աղբյուրը չէ». Զավեն Բոյաջյան

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մտքովս չէր էլ անցնի, թե կարձագանքեմ Լեդի Գագայի նոր տեսահոլովակին, մանավանդ որ այդ փութաջան տիկնոջ ջատագովների թվին չեմ պատկանում (թող ներող լինեն կուռքի երկրպագուները), բայց հոլովակի հայտնվելուն պես նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները մեկնաբանություն են ակնկալում: Դե, ի՞նչ կա որ, շատ բարի: Նախ՝ անհնար է չնկատել, որ ոմանց ֆեյսբուքյան խանդավառությունը, թե Լեդի Գագան գովազդում է Հայաստանը, հայկական կինոն ու Փարաջանովին, ավելի շատ վկայում է մեկ-մեկ նկատվելիս խիստ շոյված զգալու փոքր ազգի ավանդական ոգևորության (կամ իր փոքրաքանակությունը մեծարժեքությամբ փոխհատուցելու բարդույթի) մասին, քան համապատասխան է իրականությանը: Սա նման է թեթևակի գովեստից տեղնուտեղը չափազանցության վերին ոլորտները թևելու թուլության: Փարաջանովը Լեդի Գագայի հոլովակի ոգեշնչման, իսկ ավելի շատ՝ նմանակման միակ աղբյուրը չէ. խոսքն այստեղ պաշտամունքային կինոյի մի շարք հայտնի նմուշների/դեմքերի մասին է, որոնց գեղագիտական սկզբունքները, նկարագեղ ոճաբանությունը, սիմվոլիկան ու կոմպոզիցիոն լուծումներն էլ մեջբերվել են: Փարաջանովի կողքին նույնքան զգալի է «ուշացած սյուրռեալիստ» Ալեխանդրո Խոդորովսկու ներկայությունը, հղումներ կան նաև Ֆրից Լանգի և Ֆեդերիկո Ֆելլինիի գործերին: Իրականում հոլովակի ռեժիսորը՝ ամերիկաբնակ հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինգհը, կիրառել է նույն բանալին, ինչ Ջենիֆեր Լոպեսի, Վինս Վոնի և Վինսենթ Դ’Օնոֆրիոյի մասնակցությամբ դեռ 2000-ին նկարահանած իր «Բջիջ» (The Cell) ֆիլմում, այսինքն՝ նորից իր տարերքի մեջ է: Այնտեղ կանանց առևանգող մոլագարի ներաշխարհն էր՝ ձևավորված նշանավոր նկարչական կտավների ոգով, այստեղ էլ հոլովակի հերոսուհու ներաշխարհն է ոճավորված կինովերհուշերով, ընդ որում՝ երկու դեպքում էլ առանց որևէ պատճառաբանվածության, պարզապես հանուն տպավորիչ էսթետիզմի: Ինչ վերաբերում է հոլովակում երևացող հայատառ գրություններին, դրանցից մեկը, ինչպես արդեն պարզել են խորամուխները, հայերեն չէ, մյուսը, որ ժապավենին գրված «Զգուշություն» բառն է, ըստ երևույթին՝ անգլերեն Caution!-ի բառացի թարգմանությունն է. սա էլ, փաստորեն, չի գտնվել մի բանիմաց, որ թարգմանի «Զգո՛ւյշ» կամ «Զգուշացի՛ր»: Իսկ ինչ մնում է այն հանգամանքին, որ շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան՝ բուն փարաջանովյան կինոյից, իհարկե, պարադոքս է, որը զվարճալի կլիներ, եթե տխուր չլիներ: Ամեն դեպքում հիշեցնեմ Փարաջանովի ֆիլմերը հիշատակողներին, որ գոնե այդ ֆիլմերի վերնագրերը չաղավաղեն՝ Աշուղ Ղարիբին դարձնելով Աշուղ (կամ Աշիկ) Քերիբ, Սուրամի բերդն էլ՝ Սուրամի ամրոց»: