Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Google-ը մտադիր է ստեղծել երկրաշարժերի մասին իրազեկման ամենաընդարձակ ցանցը

4891
Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 00:10
Google-ը մտադիր է ստեղծել երկրաշարժերի մասին իրազեկման ամենաընդարձակ ցանցը

Google ընկերությունը մտադիր է սմարթֆոնների աքսելերոմետրերը (արագացուցիչ) օգտագործել՝ երկրաշարժի մասին մոտակա ազդանշանները գրանցելու համար։
Ամերիկյան ընկերությունը երեքշաբթի հայտնել է Android սմարթֆոնների միջոցով երկրաշարժերի ճանաչման ամենախոշոր ցանց ստեղծելու մտադրության մասին:
«Այսուհետ Android-ով աշխատող ձեր հեռախոսը կարող է դառնալ երկրաշարժերի մասին ահազանգման համակարգի մի մասը, որտեղ էլ որ դուք բնակվեք։ Ձեր հեռախոսը կարող է լինել մինի-սեյսմաչափ և միանալ միլիոնավոր այլ Android հեռախոսների, որպեսզի ստեղծի երկրաշարժերի մասին տեղեկացման՝ աշխարհում ամենամեծ համակարգը»,- նշված Է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Google-ի տեղեկատվության համաձայն, յուրաքանչյուր սմարթֆոն հագեցած է փոքրիկ աքսելերոմետրով, որը արձանագրում է ազդանշանները և կարող է զգալ երկրաշարժը մոտակայքում: Ազդանշանները կուղարկվեն հատուկ սերվերի վրա, որը կհավաքի և կմշակի տարբեր սմարթֆոններից ստացած տեղեկատվությունը՝ որոշելու համար՝ արդյոք երկրաշարժն իսկապես տեղի է ունենում ինչ-որ վայրում:
Ընկերությունը պարզաբանել է, որ առաջին փուլում երկրաշարժի մասին տեղեկությունները հնարավոր կլինի իմանալ՝ հարցումը մուտքագրելով Google որոնողական համակարգում: Սակայն ավելի ուշ ընկերությունը նախատեսում է երկրաշարժերի մասին ծանուցումներ ուղարկել ԱՄՆ-ի և այլ երկրների բնակիչներին: