Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Բելառուսում բողոքի ցույցերը կարող են տևել մինչև մի քանի ամիս. փորձագետ

1229
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 23:55
Բելառուսում բողոքի ցույցերը կարող են տևել մինչև մի քանի ամիս. փորձագետ

Բելառուսում բողոքի ակցիաները կարող են տևել մի քանի ամիս, դրանց տևողությունը կախված կլինի նրանից, թե որքան ուժեղ են բելառուսները տրամադրված պայքարի շարունակման հարցում, և արդյոք նրանք ինչ-որ արտաքին աջակցություն կունենան, հայտարարել է ՌԴ Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն:
«Բողոքները կշարունակվեն, քանի որ Բելառուսում աննախադեպ հասարակական-քաղաքական ակտիվություն է արթնացել։ Մարդիկ հոգնել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, և նրանք քվեարկում են հենց նրա դեմ, ուզում են, որ նա հեռանա: Իսկ Լուկաշենկոն, բնականաբար, ցանկանում է մնալ։ Հետագա իրավիճակը կախված է նրանից, թե որքան ուժեղ են բելառուսները տրամադրված պայքարի շարունակմանը և արդյոք նրանք ինչ-որ արտաքին աջակցություն կունենան՝ Ռուսաստանի կամ Արևմուտքի կողմից։ Եթե դա լինի, ապա այդ դիմադրությունը կարող է շատ երկար տևել, քանի որ մենք տեսնում ենք, որ այժմ Բելառուսում բազմահազարանոց ցույցեր են ընթանում։ Արդեն մի քանի հազար մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ լրագրողներ»,- ասել է փորձագետը։
Նրա կանխատեսումներով՝ բողոքները կարող են շարունակվել մինչև մի քանի ամիս․ «Մի քանի օրից մինչև մի քանի ամիս։ Իհարկե, դրանք ճնշվելու են ուժով, այնպես, ինչպես հիմա»,- հստակեցրել է Բեզպալկոն։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո, Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի զանգվածային չարտոնված ակցիաներ են տեղի ունեցել։ Մինսկի կենտրոնում ցուցարարներն աղբամաններից բարիկադներ են կառուցել։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։