Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Էդմոն Մարուքյանը լքեց նիստերի դահլիճը

413
Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 13:20
Էդմոն Մարուքյանը լքեց նիստերի դահլիճը

«Կառավարությունը ՀՆԱ-ի քանի՞ տոկոսի չափով է պատրաստ կատարել անվերադարձ ծախս՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական և տնտեսվարողների վիճակը որոշակի առումով բարելավելու իմաստով». ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պետբյուջում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ:
Ֆինանսների նախարարն ասաց, որ իրենք պետք է հնարավորությունները համարժեք գնահատեն:
«Մեր հնարավորություններով է պայմանավորված այդ տոկոսը: Ոչ թե պետք է մի տոկոս դրվի, և այդ տոկոսին սկսենք մոտենալ, այլ պետք է գնահատենք, թե մենք ինչի կարիք ունենք, ինչ միջոցառումների շրջանակում պետք է փորձենք լուծում գտնել այդ կարիքները բավարարելու, և ըստ դրա իրականացնենք»,- նշեց նախարարը: Նա հայտարարեց, որ թաքցրած փող չկա:
«Այն, ինչ միասնական գանձապետական հաշվին առկա է, այդ միջոցները հրապարակային են և հանրությանը կներկայացվեն, թե ինչ փողի մասին է խոսքը»,- հայտարարեց նախարարը:

Մարուքյանը պնդեց, որ այն չափորոշիչները, որ ձևավորվել են, նման են դեզի մեջ ասեղ ման գալուն, որը դժվար է գտնել: «Հետևաբար հարյուրավոր կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել կառավարության 14 ծրագրերից»,-հայտարարեց նա: ԼՀԿ ղեկավարն այն կարծիքը հայտնեց, որ բյուջեի փոփոխությունների տվյալ նախագծով փորձ է արվում խորհրդարանին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, որովհետև ըստ դրա՝ կառավարությունն առաջիկայում չի դիմելու ԱԺ-ին: Այդ խոսքերից հետո Մարուքյանը լքեց նիստերի դահլիճը: