Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Արայիկ Հարությունյանը՝ ասպիրանտների կրթաթոշակների բարձրացման մասին

795
Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 18:20
Արայիկ Հարությունյանը՝ ասպիրանտների կրթաթոշակների բարձրացման մասին

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ինչպես նշել ենք, 35 հազար դրամով բարձրացվել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը: Ըստ այդմ՝ 2020 թվականի սեպտեմբերից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը սահմանվում է՝

հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն,
բնագիտական և այլ մասնագիտությունների համար՝ 60000 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն,
տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար՝ 55000 դրամ, նախկին 20000 դրամի փոխարեն,
դոկտորանտների համար՝ 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն:
Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ին՝ N 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրից և նպատակ ունի խթանել մարդկային ներուժի զարգացումը և որակյալ կրթության ապահովումը: «Սա ավելի քան կրկնակի բարձրացում է և մենք հույս ունենք, որ այն կնպաստի երիտասարդ մասնագետների ներգրավմանը հետազոտական աշխատանքների ոլորտում և դրական ազդեցություն կունենա գիտական արդյունքի զարգացման վրա»,- նշել է Արայիկ Հարությունյանը և եզրափակել, որ կրթաթոշակների բարձրացումը նախատեսված էր նախարարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով: