Երևան`   -4 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2020 թ.

«Եթե քաղաքապետարանը դադարեցնի 13 համարի սպասարկումը, ամենամեծ վատությունը կանի սարիթաղցիներին». քաղաքացիներ

156
Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 14:35
«Եթե քաղաքապետարանը դադարեցնի 13 համարի սպասարկումը, ամենամեծ վատությունը կանի սարիթաղցիներին». քաղաքացիներ

MAMUL.am-ի խմբագրությունը վաղ առավոտից զանգեր է ստանում Սարի թաղի բնակիչներից. նրանք անհանգստացած են, որ 13 համարի երթուղին, որը վերջին օրերին շատ անկանոն էր աշխատում, այսօր արդեն դադարել է սպասարկել:

«Կանգառներում հավաքված սպասում ենք 13 համարին, իսկ նույն երթուղին սպասարկող՝ 9 համարի ավտոբուսի վարորդները նորմալ չեն պատասխանում, թե ինչն է չաշխատելու պատճառը, միայն մունաթով ասում են՝ չի լինելու և վերջ: Խնդրում ենք մի բան արեք, հասկանանք՝ ի՞նչ է պատահել, սպասարկելո՞ւ է, թե՞ ոչ, ո՞նց ենք առավոտյան աշխատանքի գնալու, ո՞նց է լուծվելու այդ հարցը»,- նեղսրտած հարցեր էր տեղում Սարի թաղի բնակիչներից մեկը:

Մեկ ուրիշ քաղաքացի էլ դժգոհում էր, որ 13 համարի ավտոբուսի չաշխատելու դեպքում, մնալու են 9 համարի հույսին, որի վարորդները ԳՈՒՄ-ից այն կողմ չեն գնում, լավագույն դեպքում, փնթփնթալով, մինչև «Ռոսիա» կինոթատրոնի մոտ՝ այն էլ մինչև առավոտյան ժամը 10:00-ը: «Շատ քաղաքացիներ քաղաքի կենտրոնում են աշխատում. Սարի թաղի կեսն ուսանող է, 13 համարով կենտրոն էին հասնում, հիմա ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք հասնելու»:

Նշենք, որ բնակիչներին ամենից շատ հուզում էր հետևյալ հարցը, որ 13 երթուղու չգործելու դեպքում, երկու տրանսպորտ են փոխելու, որը և՛ ֆինանսական խնդիր է առաջացնելու, և՛ ժամանակի կորուստ է: «Մեկ տրանսպորտից մյուսին տեղափոխվելն արդեն ժամանակ է խլում՝ և՛ գործից ենք ուշանում, և՛ դասից. ո՞նց են պատկերացնում էդ որոշումը կայացնողները, էս ժողովուրդը ո՞նց է երկու տրանսպորտ նստելու, կամ ի՞նչ միջոցներով: Էդքան չե՞ն հասկանում, որ նորմալ աշխատավարձ էլ չենք ստանում՝ կոպեկներ, հիմա ի՞նչ, դա էլ տանք տրանսպորտին, գնանք տո՞ւն: Հազիվ մի լավ գործ էին արել, էդքան շատ համարեցի՞ն մի հատ ավտոբուսը, թե՞ նախկինների մեթոդներով են շարժվում, «լեզու են գտել» էդ «պազի» տիրոջ հետ... Էդ իրանք կիմանան ինչ են պայմանավորվել, որ էս ժողովրդի գլխին սենց խաղ են խաղում»,- ասում էին մեր զրուցակիցները՝ պնդելով, որ 13 համարի «հայտնվելուց» ի վեր 9 համարի վարորդներն ամեն ինչ անում էին, որպեսզի գծից դուրս հանեն 13 համարին. «Միշտ դժգոհում էին, որ «իրենց գործին խփել են, այլևս շատ փող չեն աշխատում, մեզ էլ հուսահատեցնում էին՝ թե ժամանակավոր է, երկար չեն աշխատելու, շատ մի ուրախացեք»,- պատմում էին քաղաքացիները՝ նշելով, որ եթե, իսկապես, քաղաքապետարանը որոշի դադարեցնել 13 համարի սպասարկումը, ամենամեծ վատությունը կանի սարիթաղցիներին:

Հիշեցնենք, երկուսուկես ամիս առաջ, երբ 13 համարի երթուղու սպասարկումը դադարեցնելու մասին լուրը դեռևս խոսակցությունների մակարդակի էր, և բնակիչները դարձյալ անհանգստացած էին այդ խնդրով, մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ եթե նույնիսկ նման բան տեղի ունենա, նախապես բնակիչներին այդ մասին տեղյակ կպահեն, որոշում կայացնելուց առաջ կլսեն նրանց կարծիքը. «Շարժակազմի թարմացման հետ կապված՝ կա որոշակի տեխնիկական վերազինման խնդիր, բայց բոլոր դեպքերում, եթե դա տեղի ունենա էլ, գիծն առանց սպասարկման չի մնա»,- ասաց մեր զրուցակիցը:

Այսօր, տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը խնդրի հետ կապված մեր թղթակցի հետ զրույցում ներկայացրեց հետևյալ պարզաբանումը:

«Ո՞վ է ասում չի աշխատում. 13 համարը հիմա էլ է աշխատում՝ հասնում է մինչև Սարի թաղի սկիզբ՝ կամրջի մոտ, պտտվում, գնում: Մի որոշ ժամանակ էսպես կաշխատի. ինչո՞ւ 13-ը, և ոչ 9-ը, որպեսզի տնտեսվարողին անհարմար դրության մեջ չդնենք, որպեսզի այնպես չստացվի, որ 13 համարի երթուղին, որը Երևանի քաղաքապետարանինն է, ուրեմն նա է սպասարկելու»: Դիտարկմանը՝ թե արդյունքում բնակիչներն են տուժում, որովհետև մեծամասնությունն այդ համարից է օգտվում, պաշտոնյան պատասխանեց. «Ձեր ասածն ապացուցելու, հիմնավորելու համար, պետք է մեկ-երկու օր փորձնական այսպես աշխատի... Այնպես չէ, որ մենք մի ամբողջ թաղամաս թողել ենք առանց տրանսպորտի, և հետո, մենք չենք ասում, որ 13-ը հանում ենք, թողնում ենք միայն 9-ը: Երկու տնտեսվարողի հետ էլ կխոսենք, եթե տեսնենք անհրաժեշտություն կա, պահանջարկ կա, երկուսն էլ կթողնենք, սակայն այնպես պետք է արվի, որ փողոցները չկրկնվեն, որովհետև 9 համարի երթուղին էլ է կոնտինգենտներ կորցնում: Սարի թաղի փողոցներով երկու տրանսպորտի շարժը որոշակի խոչընդոտներ է ստեղծում: Մենք ունենք տեղեր, որ մեկ տրանսպորտն է դժվարություններ ստեղծում»:

Էդգար Գալստյանը նշեց, որ հանդիպելու է երկու երթուղիները սպասարկող ընկերությունների տնօրենների հետ. «Կզրուցենք հետները և եթե այնպիսի եզրակացության հանգենք, որ, այո, կա պահանջարկ և ուղևորահոսք, հնարավոր է հետքայլ անենք նախկին վիճակին»,- ասաց նա՝ առաջարկելով սարթաղցիներին՝ 9 համարով իջնել «մոստի տակ» և նստել 13 համարի երթուղին կամ մեկ ուրիշ տրանսպորտային միջոց:

Մեր դիտարկմանը, թե քաղաքացիները սոցիալական, ֆինանսական խնդիրներ ունեն և հազիվ կարողանում են մեկ տրանսպորտից օգտվել, ինչպե՞ս կարող են երկու տրանսպորտ փոխել՝ քաղաքի տարբեր կետեր հասնելու համար, մեր զրուցակիցն ասաց, որ շատ լավ հասկանում է խնդիրը՝ դարձյալ կրկնելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել. «Սա փորձնական է արվում, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս է ճիշտ վարվել, ո՞ր ավտոբուսն է բարձրանալու, որը՝ ոչ»:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ սարթաղցիների համար առաջնային խնդիր էր թաղին տրանսպորտ հատկացնելու հարցը: Նրանք բողոքում էին Սարի թաղը սպասարկող 21 և 9 համարի ավտոբուսների վարորդների անբարեխիղճ սպասարկումից: Վերջինների խոսքով՝ 13 համարը փրկություն էր իրենց համար, որից ի դեպ, օգտվում էին նաև 21-ի և 9-ի ուղևորները, քանի որ շատ հարմար էր քաղաքի ցանկացած կետ հասնելու համար:

Հարկ է նշել, որ նույն խայտառակ և սարսափելի վատ վիճակում է նաև Սարի թաղի «ներքին գիծն» սպասարկող 21 համարի երթուղին: