Լեզվի կոմիտեի հորդորակը՝ տոներին առնչվող լեզվական միավորների մասին
![]() Լեզվի կոմիտեն տոներին առնչվող լեզվական միավորների մասին հորդորակ է ներկայացրել. «Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ այս տոնին առնչվող լեզվական միավորներին: Արևելահայերը այս տոնն անվանելիս գործածում են Նոր տարի և Ամանոր անունները, իսկ արևմտահայերը՝ հիմնականում Կաղանդ և Ամանոր, վերջին շրջանում՝ նաև Նոր տարի։ Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնին արևելահայ երեխաները անձկությամբ սպասում են Ձմեռ պապին (պապիկին), իսկ արևմտահայ փոքրիկները՝ Կաղանդ պապուկին (պապային): Ըստ մեծատառերի գործածության մասին կանոնի՝ տոների անունները գրվում են մեծատառով՝ Նոր տարի (առաջին բաղադրիչը), Կաղանդ և Ամանոր: Ամանոր բառը կազմված է ամ (նշանակում է «տարի») և նոր արմատներից, որոնք միացել են ա հոդակապով: Ամ արմատով են կազմվել ամենամյա, ամավերջ, բազմամյա, տասնամյակ և բազմաթիվ այլ բառեր: Սխալվում են նրանք, ովքեր բառը օ-ով են գրում՝ կարծելով, թե արմատը օր-ն է, մինչդեռ արմատը նոր-ն է։ Բնականաբար, ճիշտ է Ո-ով գրությունը: Իսկ Կաղանդ բառը փոխառվել է հունարենից (սա էլ իր հերթին վերցրել է լատիներենից): Կարծիք կա, թե ճիշտ է Ամանորի ձևը, իսկ ամանորյա ածականը սխալ է: Ասենք, որ երկուսն էլ ճիշտ են, երկու ձևերն էլ հավասարապես կիրառելի են: Ամանորյա բառը սխալ համարողները նշում են, որ նորյա բառ առանձին չի գործածվում, ուստի ամանորյա չի կարող լինել: Այո՛, նորյա բառ չկա, բայց այս դեպքում –յա վերջածանցն միացել է ոչ թե նոր արմատին, այլ ամանոր բառին: Այդպես էլ չունենք ջրյա, բայց ունենք ստորջրյա, չունենք երկրյա, բայց ունենք ստորերկրյա և այլն: Ուստի ճիշտ են թե՛ «Բոլոր երեխաները Ամանորի նվերներ ստացան» և թե՛ «Բոլոր երեխաները ամանորյա նվերներ ստացան»: Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնի անբաժան մասն է տոնածառը՝ եղևնին: Բայց եղևնին չպետք է շփոթել տոնածառի հետ: Տոնածառը զարդարված եղևնին է, բայց եղևնին դեռևս տոնածառ չէ. «Եղևնին անտառից եկավ տուն, զարդարվեց ու դարձավ տոնածառ»: Ջերմորեն շնորհավորելով բոլորի Նոր տարին՝ Ամանորը՝ Կաղանդը՝ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ հաշվի առնել մեր ամանորյա հիշեցումները. 1. Նոր տարի, Ամանոր և Կաղանդ բառերը նույն տոնի տարբեր անվանումներ են, գրվում են մեծատառով (Նոր տարի անվանման դեպքում՝ միայն առաջին բաղադրիչը). 2. նույն նշանակությունն ունեն Ձմեռ պապ / պապիկ և Կաղանդ պապուկ / պապա բառակապակցությունները. սրանց առաջին բաղադրիչները գրվում են մեծատառով. 3. Ամանորի և ամանորյա լեզվական միավորները հավասարապես ճիշտ են. 4. չպետք է նույնացնել եղևնին և տոնածառը»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
