Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Դեկտեմբերին նախատեսվող 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը. ԿԳՄՍ

512
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ., 13:35
Դեկտեմբերին նախատեսվող 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը. ԿԳՄՍ

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբեր կամ հունիս ամիսներին: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019-ի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:

Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները դեկտեմբերին կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ)-24.12.2019թ.

«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)-25.12.2019թ.

«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)-26.12.2019թ.

Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր՝ (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր՝ (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

Սովորողի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, միևնույն առարկայից ևʹ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է սովորողի նախընտրած գնահատականը (միավորը):

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը պետք է գրավոր դիմեն հաստատության տնօրենին:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից:

12-րդ դասարանում անցկացվող Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ ուսհաստատության առարկայական մեթոդական միավորումները՝ նախարարության երաշխավորած դասագրքերի և նյութերի հիման վրա:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն: