Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Այգեվանցիները խոստացված փոխհատուցումն են պահանջում

92
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 14:05
Այգեվանցիները խոստացված փոխհատուցումն են պահանջում

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակչներն այսօր՝ հոկտեմբերի 11-ին բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջում են, որ փոխհատուցվեն իրենց՝ այս տարվա հունիսի 24-ի կարկտահարությունից կրած վնասները:

Գյուղացիներից մեկն ասաց, որ հանդիպել են նաև մարզպետ Հ.Մաթևոսյանի հետ, որն ասել է, թե ինքը վնասի չափերը ներկայացրել է կառավարություն: Սակայն գյուղացիների պնդմամբ՝ փոխհատուցման տրամադրումը ձգձգվում է: Անգամ որոշակիացված չէ, թե այդ փոխհատուցումն ի՞նչ ձևով է լինելու՝ դրամական տեսքո՞վ, թե՞ ոռոգման ջրի վարձավճարի զիջմամբ: Մինչդեռ փոխհատուցում տալու խոստումներ իրենց տվել են: Գյուղացիներից մեկն ասաց, որ 1 հա ծիրանի այգու 25-30 տոկոսը վնասվել է, կարկտահարված ծիրանն էլ կամ չի իրացրել, կամ իրացրել է մեկ կիլոգրամը 40 դրամով, այն դեպքում, երբ շուկայական գինը 400-500 դրամ է եղել:

«Եթե պետության վրա էլ պետք է հույս չդնենք, ասեք՝ այս երկրում չպետք է ապրենք», «8 տոննա ծիրանից 8 կգ չեմ քաղել»: Նրանք հաշվարկել են, որ իրենց կրած վնասը 6-7 միլիոն դրամ է: Այգեվանցիները դժգոհեցին, որ հարակից գյուղերը հակակարկտային կայաններ ունեն, իրենք՝ ոչ: Այդ հարցով դիմել են մարզպետարան և ստացել պատասխան, որ դա ժամանակի ու ֆինանսների հարց է, միևնույն ժամանակ կա օդանավակայանի՝ խոչընդոտող հանգամանքը: Գյուղացիների միակ հույսն այժմ կառավարությունն է: