Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

««Տրանսգազի» գույքային համալիրի վաճառքը կարող է սիմպտոմատիկ լինել ամբողջ համակարգի համար». Վահե Դավթյան

190
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 17:55
««Տրանսգազի» գույքային համալիրի վաճառքը կարող է սիմպտոմատիկ լինել ամբողջ համակարգի համար». Վահե Դավթյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի գույք վաճառելու մասին որոշման նախագիծը: Այս մասով, ֆեյսբուքյան իր էջում, գրառում է կատարել էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը. ««Գազպրոմ Արմենիայի» կազմի մեջ մտնող առանցքային ընկերություններից մեկի՝ «Տրանսգազի» գույքային համալիրի աճուրդի հանելու մասին որոշումը (http://www.psrc.am/imag…/…/haytararutyun/2019/11.09.19/1.pdf) վկայում է Հայաստանի գազատրանսպորտային ոլորտում սպասվող համակարգային փոփոխությունների մասին: Նախ՝ արձանագրենք, որ «Տրանսգազի» կողմից իրականացվող գործառույթներն ունեն բացառապես ռազմավարական նշանակություն՝ բնական գազի տեղափոխում, տեղափոխվող և պահեստավորվող բնական գազի հաշվառում, գազի ստորգետնյա պահեստարաններում բնական գազի ներմղում, պահեստավորում, բացթողում և այլն: Ըստ այդմ՝ նման կարևոր գործառութային ծանրաբեռնվածություն ունեցող ընկերության գույքի վաճառքն անհրաժեշտ է դիտարկել երկրի էներգետիկ անվտանգության ապահովման բազմաշերտ համատեքստում:

Ու թեև խոշոր հաշվով կարելի է ընդունել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից գործարքին տրված այն գնահատականը, որ այն չի խախտում էներգետիկ համակարգի հուսալիությունը, չի սպառնում ազգային անվտանգությանն ու չի հակասում պետական շահին, սակայն տվյալ գործարքի կյանքի կոչման համար ընտրված ժամանակահատվածն ստիպում է որոշ պատճառահետևանքային կապեր փնտրել: Իսկ կապերն ակներև են:

2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին բնական գազի գնի աճը 15 դոլարով ու դրան զուգահեռ ներքին սակագների զսպումը հանգեցրեց մի իրավիճակի, որում «Գազպրոմ Արմենիան» այլևս ի վիճակի չէ ապահովել իր անվտանգ ու արդյունավետ աշխատանքը: Արդյունքում ընկերությունը հայտարարեց աշխատակազմը 1000 միավորով կրճատելու մասին, նաև հրաժարվեց պարգևավճարներից: Այսօր օրակարգում է նաև «Գազպրոմի» կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի կրճատման հարցը, ինչը ևս իր մեջ բազմաթիվ անվտանգային ռիսկեր է պարունակում: Այլևս պարզ է, որ 2020թ. ընկերությունը չի պատրաստվում սեփական միջոցներով ներքին «սակագնային համերաշխություն» ապահովել:

Ավելին՝ տարեվերջին սպասվող բնական գազի գնի աճը պարտավորեցնելու է ընկերությանը ոչ միայն սակագների բարձրացման հայտ ներկայացնել ՀԾԿՀ, այլև՝ ուղիներ փնտրել իր կորուստներն այլ ուղիներով նվազեցնելու համար:

Եվ այս իմաստով «Տրանսգազի» գույքային համալիրի վաճառքը կարող է սիմպտոմատիկ լինել ամբողջ համակարգի համար: Կարող ենք, թերևս, ենթադրել, որ այսօր՝ Երևանի կողմից հայ-ռուսական միջպետական օրակարգի նպատակային տապալման արդյունքում սպասվող գազի գնի բարձրացմանն ընդառաջ, «Գազպրոմ Արմենիան» փորձում է ադապտացվել նոր իրավիճակին՝ իր համար ֆինանսական անվտանգության լրացուցիչ բարձիկ ստեղծելով»: