Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

«Սասնա Ծռեր»-ը հաղորդագրություն է տարածել

79
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 12:15
«Սասնա Ծռեր»-ը հաղորդագրություն է տարածել

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում:
Ազգադավ և ոճրագործ ռեժիմից ժառանգած օլիգոպոլ տնտեսությունը, բնության գիշատչական շահագործումը և դրանք արդարացնող աճպարարությունը մնում են որպես քաղաքական կամքի բացակայության ու ռազմավարական կառավարման անկարողության պայմաններում ամեն գնով նախկին համակարգը և նրա նկատմամբ կառավարումը պահպանելու միջոցներ: Գործող իշխանությունը նշված տրամաբանությամբ է մոտենում նաև Ամուլսարի հանքի շահագործման հարցին՝ շարունակելով առօրյա խնդիրները լուծել ապագան խորտակելու հաշվին և ապագայի համար անլուծելի խնդիրներ առաջացնելու գնով: Ինչպես և նախորդ ռեժիմը, գործող իշխանությունը ևս անտեսում է ազդակիր համայնքների ձայնը, մասնագետների ահազանգները և նույնիսկ իր իսկ պատվերով կատարված փորձաքննության մատնանշած ակնհայտ ռիսկերն ու հավանական անդառնալի հետևանքները: Խիստ մտահոգիչ է, որ ներկայիս կառավարությունը ջանք չի խնայում օֆշորային կասկածելի ծագում ունեցող ընկերությանն Ամուլսարի շահագործման լիցենզիա տալու կոռուպցիոն մեխանիզմներն ու դրանց մեջ ներգրավված անձանց ու կազմակերպություններին բացահայտելու հարցում իր հանցավոր անգործությունը և հանքարդյունաբերությանն այլընտրանք գտնելու ցանկության բացակայությունը թաքցնելու և դրանք միջազգային դատարանում պարտվելու ու մեծ տուգանքներ վճարելու կեղծ սպառնալիքի հեռանկարով արդարացնելու համար: Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը: Տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությունն այլընտրանք չունի: Հակառակ պարագայում երկիրը կվերածվի թունավոր անապատի: Հանքարդյունաբերության հրեշավոր երախից երկիրն ու տնտեսությունը հանելու գերակայությունները, մասնավորապես, պետք է լինեն.

1. նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործման բացառումը,
2. բնապահպանական միջազգային բարձր նորմերի ու չափանիշների ընդունումը և դրանց համապատասխան առկա հանքարդյունաբերության գույքագրումը,
3. օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերության դադարեցումը,
4. աստիճանաբար մնացյալ հանքարդյունաբերության սահմանափակումը և դրա տնտեսական արդյունքի էական մեծացումը՝ ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն:

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կոչ ենք անում չանտեսել ազգի և պետության ռազմավարական ապագան իրական վտանգի չենթարկելու վերաբերյալ բոլոր ողջամիտ ու հիմնավոր զգուշացումները, ազդակիր համայնքների կամքը և նախկինների նման տնտեսության հիմքում չդնել գիշատչական հանքարդյունաբերությունը:
Հակառակ պարագայում Ամուլսարը, որի շահագործումն սպառնում է ոչ միայն շրջակա բնակավայրերի, այլև, Սևանը թունավորելու միջոցով՝ ՀՀ գրեթե ամբողջ բնակչությանն ու բնությանը, կդառնա նրա վերջին փորձաքարը»: