Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Հարկային փոփոխությունները դրական են, սակայն տնտեսական թռիչք չեն ապահովելու». Սերգեյ Բագրատյան

405
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 13:30
«Հարկային փոփոխությունները դրական են, սակայն տնտեսական թռիչք չեն ապահովելու». Սերգեյ Բագրատյան

«Հարկային փոփոխությունները դրական են, սակայն տնտեսական թռիչք չեն ապահովելու». հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական հնչեցրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա, դրական գնահատելով մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողներին հարկերից ազատելու փաստը, միևնույն ժամանակ նկատեց, որ ԲՀԿ-ն անհամաձայնություն է հայտնել այն առումով, որ այդ փոփոխությունը վերաբերում է մարզերին: Երևանում ընտանեկան բիզնես ունեցողը, որը տարեկան մինչև 24 միլիոն դրամի շեմ ունի, հարկվելու է, ինչը անհավասարություն է ստեղծում:

«Ինչո՞ւ, օրինակ, Երևանի վարչական տարածքում գտնվող Արգավանդում 24 միլիոնը պիտի հարկվի, և ընդամենը 100մ հեռու գտնվող հաջորդ խանութում չհարկվի»,- նշեց պատգամավորը՝ պնդելով, որ դա մրցակցային անհավասար դաշտ կստեղծի:

Սերգեյ Բագրատյանը հարկային փոփոխությունները դրական համարեց, սակայն մի վերապահում հայտնեց՝ դրանք տնտեսական թռիչք չեն ապահովելու: Պատգամավորը համարձակ քայլ որակեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնությունը:

Տնտեսագետ պատգավորը նշեց, որ եկամտահարկի համահարթ տարբերակը լավագույնը չէ, ամենից ընդունվածը պրոգրեսիվ տարբերակն է: Միևնույն ժամանակ նշեց, որ համահարթեցումը հնարավորություն է տալու, որ ստվերից դուրս գան թաքնված աշխատատեղերը, և գործատուն «սպիտակ» աշխատավարձ վճարի: «Վաղ թե ուշ պետք է վերադառնալ պրոգրեսիվ հարկահանությանը»,- ընդծեց նա:

Սերգեյ Բագրատյանը հայտնեց նաև, որ գործարարներից բողոքներ է ստացել, ըստ որի պետական կառույցներն անհարկի միջամտում են բիզնեսին, վարչարարության անհարկի ձգձգումներ են կատարում, քաղաքացիների հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Բանախոսը հույս հայտնեց, որ հայկական կողմի բանակցությունները ՌԴ և Վրաստանի հետ կհանգեցնեն, որ ռուս-վրացական լարված հարաբերությունների հետևանքով Վերսին Լարսին վտանգ չի սպառնա, և դեպի ՀՀ փոխադրումները չեն տուժի: