Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Իրականում, երկարաժամկետ հեռանկարում, պարտվել ենք բոլորս». Սուրեն Սահակյան

287
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 22:10
«Իրականում, երկարաժամկետ հեռանկարում, պարտվել ենք բոլորս». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկամտահարկի համահարթ դրույքաչափի անցնելու օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կառավարությունն ապացուցեց իր սկզբունքայնությունը, որ կարող է անցկացնել մի օրինագիծ, որը մեծ պրոբլեմներ ունի պետության մեջ սոցիալական արդարության հասնելու իր ստանձնած պարտավորության հետ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե կային 2 հակադիր կարծիքներ և դրանք կրողների մի խումբը պարտվեց մյուսին։ Իրականությունն այլ է։ Իրականում, երկարաժամկետ հեռանկարում, պարտվել ենք բոլորս։ Ժողովրդավարական հանրություններում, երբ կառավարող ուժն ու կառավարման լծակներ չունեցող քաղաքական շրջանակները բանավիճում են, կարևոր են համարում բանավեճից դուրս բերել ռացիոնալը, հասնել համակարծության։ Դա խիստ կարևոր է, քանի որ մյուս ընտրություններում կարող է կառավարող ուժը պարտվել և խիստ հակադիր մյուս բևեռը քանդի մինչ այդ առաջինի ստեղծածն ու սկսի իր պատկերացրածը կառուցել։ Այս շղթան կարելի է անվերջ շարունակել և ամեն անգամ կանգնել կոտրած տաշտակի առաջ։ Սրա փոխարեն, համակարծությամբ ընդունված որոշումների դեպքում կունենանք մի վիճակ, երբ մի ուժ իր բաժին քարն է դնում երկիրը կառուցելու համար, մյուսը գալիս դրան ավելացնում է։ Սա երկրի կայուն, անընդհատ զարգացման նախադրյալ է, առանց սրա չի լինի։ Ցավով պետք է արձանագրել, որ այս փոփոխության «դրական» արդյունքներին չհասած (դրանք իրենց զգացնել են տալու 2026թ․), համակարգը էլի փոխվելու է։ Մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ ժողովրդավարությունը, հանրային բանավեճերը մեզ համար չունեն այն արժեքը, որ պետք է ունենային։ Մենք խորքային առումով չենք գիտակցում համերաշխության, համակարծության հասնելու կարևորությունը»։