Երևան`   +30 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Հարկային փաթեթի հմայքը մնաց անցյալում. «168 ժամ»

79
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 10:10
Հարկային փաթեթի հմայքը մնաց անցյալում. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը վերջապես հասավ խորհրդարան։ Այս փուլին հասնելու համար պահանջվեց գրեթե մի ամբողջ տարի։ Այդ ընթացքում թեև քաղաքական իշխանությունը բազմիցս կարևորեց փաստաթղթի նշանակությունը, այնուհանդերձ այնքան էլ հետևողական չգտնվեց այն հնարավորինս շուտ ընդունելու և կիրառելու համար։

Փոխարենը՝ անցած մեկ տարում Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը շատ անգամ հասցրեց օգտագործել քաղաքական նպատակներով։ Դա հաջողությամբ արվեց՝ ինչպես Ազգային ժողովի ընտրություններից առաջ, այնպես էլ՝ նախընտրական գործընթացներում։ Խոսվում էր եկամտային հարկը նվազեցնելու, միկրոբիզնեսին արտոնություններ տալու, տաքսի ծառայություն մատուցողներին հարկերից ազատելու մասին։ Այդ ամենը, անշուշտ, ոգևորող էր։

Բայց միաժամանակ վարչապետը խնամքով թաքցնում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների մյուս կողմը՝ հարկային բեռի նախատեսվող ավելացումները։ Բեռ, որն ուղղակիորեն կրելու էր սպառողը։

Խոսքն ակցիզների բարձրացման մասին է։

«Ակցիզային հարկն անուղղակի հարկ է, և դրա համար, ըստ էության, վճարում է ոչ թե տնտեսվարողը, այլ քաղաքացին, քանի որ դա գնի վրա դրված հավելաճ է»,- 2018թ. հունվարին, երբ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել մի շարք ապրանքների ակցիզային հարկը նվազեցնելու ակնկալիքով,- ասում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Հիմա դա կարծես այնքան էլ կարևոր չէ նրա համար։ Ոչինչ, որ ակցիզային հարկի փոփոխությունների ընդունումով թանկանալու են մի շարք ապրանքներ։

Ընդհակառակը՝ կառավարությունն ուզում էր թանկացումների շատ ավելի մեծ շրջանակ ընդգրկել, նաև բեռի ավելի կտրուկ բարձրացումների գնալ։ Սակայն հասկացավ, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Դրա հետ կապված դժգոհությունների բավական լուրջ ալիք բարձրացավ։ Մարդիկ փողոց դուրս եկան։

Տուրք տալով հասարակության բողոքներին՝ կառավարությունը ստիպված էր հրաժարվել որոշ նախաձեռնություններից։ Չնայած այն, ինչ մնում է, բավարար է, որպեսզի սպառողները զգան Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունների բացասական ազդեցությունը սեփական գրպանի վրա։

Հատկապես որ, սա փաստաթուղթ է, ինչը միտված չէ ցածր եկամուտներ ունեցողների եկամուտների ավելացմանը։ Եկամտային հարկի բեռի այն նվազեցումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսում էր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ չի վերաբերելու ցածր աշխատավարձ ստացողներին։ Այսինքն՝ նրանց եկամուտները կմնան նույնը, բայց ծախսերը կավելանան ակցիզային հարկի բեռի ծանրացումից սպասվող թանկացումների հետևանքով։

Այս փուլում կառավարությունը նախապատվությունը տալիս է բարձր աշխատավարձ ստացողներին։ Ոչինչ, որ նրանց եկամուտներն առանց այդ էլ բարձր են, կառավարությունն այդ շերտի համար նվազեցնում է եկամտային հարկը։

Ու այսքանից հետո վարչապետը հայտարարում է, որ իրենք չեն վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն։ Եթե կառավարությանը թվում է, թե ցածր եկամուտներ ունեցողների համար հարկային բեռը չնվազեցնելով՝ խթանում է, որպեսզի վաղը նրանք ավելի բարձր աշխատավարձ ստանան, ապա չարաչար սխալվում է։ Դա ընդամենը պատրվակ է՝ արդարացնելու առաջարկված փոփոխությունը։

Եկամտային հարկի այն մոտեցումը, որը քննարկվում է, հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է տվել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, թե ինչո՞ւ պիտի բարձր եկամուտներ ունեցողները շահեն այս փոփոխություններից։ Առանց այդ էլ նրանք բարձր աշխատավարձ են ստանում։ Փոխարենը մտածելու ցածր եկամուտներ ունեցողների մասին՝ կառավարությունը հակառակն է անում՝ խորացնում է սոցիալական բևեռացումը։ Ո՞րն է տրամաբանությունը»
Մանրամասները՝ թերթի համարում: