Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Երիտասարդ մասնագետներին մատչելի բնակարաններ» ծրագրով բնակարաններ գնած բնակիչների բաց նամակը «ԳԱԶՊՐՈՄ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերին

409
Երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ., 15:35
«Երիտասարդ մասնագետներին մատչելի բնակարաններ» ծրագրով բնակարաններ գնած բնակիչների բաց նամակը «ԳԱԶՊՐՈՄ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերին

«ԳԱԶՊՐՈՄ» ՀԲԸ վարչության նախագահ
Ալեքսեյ Միլլերին
Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչներից
(«Գազպրոմ Արմենիա» կողմից կառուցվող ուսումնամարզական կոմպլեքսի հարևանությամբ ապրող բնակիչներից).

«Հարգելի պարոն Միլլեր,
Ինչպես հայտնի է, 2015թ.-ի ապրիլի 14-ին՝ Երևանի ավագանու N 313-Ա որոշմամբ սկիզբ դրվեց «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին, որն, ինչպես բազմիցս մամուլում, ՀՀ Նախագահի աշխատակազմի և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում Ձեր կողմից նշվել է, իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում և ունենալու է բացառապես սոցիալական ուղղվածությություն (հղումները ստորև):

Սպորտային համալիրը կառուցվում է Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեի 31841.05 քմ մակերեսով հողատարածքում: Ընդ որում, համաձայն Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման, տվյալ տարածքում քաղաքապետարանի կողմից պետք է համայնքի բնակիչների համար պուրակ կառուցվեր: Ինչևէ, մենք՝ համայնքի բնակիչներս, այդպես էլ պուրակի կառուցմանը ականատես չեղանք: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ թաղամասին ամենամոտ դպրոցը և մանկապարտեզը տեղակայված են այնքան հեռու, որ հաճախել պետք է միայն տրանսպորտային միջոցի օգնությամբ, որպես սփոփանք ստացանք նոր խոստում, այն է ապահովել թաղամասի երեխաների անվճար ուսումը «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» շրջանակում կառուցվող դպրոցում և մանկապարտեզում:

Առաջին հայացքից թվում էր հիանալի գաղափար, թաղամասի երեխաները հնարավորություն կստանաին անվճար հաճախել բարձրակարգ դպրոց և մանկապարտեզ: Միակ անհանգստացնող փաստն այն էր, որ ևս 3 տարի բնակիչները պետք է շարունակեին ապրել շինարարական փոշու մեջ: Սակայն երազը երկար չտևեց: Թաղամասի բնակիչները՝ Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման ընթացքի, ինչպես նաև դպրոցի ու մանկապարտեզի ընդունելության կարգին ծանոթանալու նպատակով պարբերաբար զանգահարում են «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ և, ի զարմանս բոլորի, պարզվում է, որ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից հանրությանը որպես սոցիալական և բարեգործական ներկայացված ծրագիրը ընդամենը նոր բիզնես նախագիծ է, իսկ դպրոցի տարեկան վարձը կազմելու է մոտ 1 մլն դրամ (մանկապարտեզը մի քիչ պակաս):

Իսկ եթե հաշվի անենք, որ բնակիչները հանդիսանում են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուներ և իրենց բնակարանները ձեռք են բերել հիպոթեքով, և այն հանգամանքը, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 250.000 ՀՀ դրամ, ստացվում է, որ այն հասանելի չի լինելու թաղամասի միջին աշխատավարձ ստացող երիտասարդ ընտանիքի համար։ Նախագիծը հասանելի է լինելու հասարակության որոշ խավի համար միայն, որոնք ունեն միջինից զգալի բարձր եկամուտ։ Հետևաբար այս նախագիծը լինելու է հասարակության որոշ շերտերի համար ընդամենը վճարովի լավ կրթության այլընտրանքային հնարավորություն, որը չունի որևէ սոցիալական բաղադրիչ: Արդյոք դա է ենթադրում վերոնշյալ սոցիալական ծրագիրը:

Հարգելի պարոն Միլլեր, քանի դեռ ընկերության կողմից պաշտոնապես չի հրապարակվել ուսումնական հաստատությունների վճարովի լինելու փաստը, հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագիրը ի սկզբանե բնորոշված է եղել որպես սոցիալական, ինչպես նաև այն, որ համալիրի մերձակայքում առկա չէ որևէ դպրոց և անվճար մանկապարտեզ, խնդրում ենք հնարավորություն ընձեռել թաղամասի երեխաներին անվճար հաճախել իրենց կողմից այսքան սպասված ուսումնական հաստատությունները: Ի վերջո, չինական դպրոցը բացվեց անվճար ի նշան հայ-չինական բարեկամության, գուցե փոխվե՞ն վարձավճարի հանդեպ մոտեցումները ի նշան հայ-ռուսական բարեկամության»: