Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումներն ավարտին են մոտենում, ինչ արտեֆակտներ են հայտնաբերվել
![]() Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Սյունիքի եպիսկոպոսանիստ վանքերն ու անապատները թվարկելիս առաջինը հիշատակում է Մեղրու Սբ Հովաննես վանքը: Ավելի ուշ՝ 17-18-րդ դդ., վանքի գոյության մասին տեղեկություններ է հաղորդում Աբրահամ Կրետացի կաթողիկոսն՝ իր «Պատմություն» աշխատությունում: Եվ վերջապես հայր Ալիշանը կարճ անդրադարձ կատարելով Մեղրիի եկեղեցիներին՝ հստակեցնում է Մեղրու վանքի տեղադրությունը, նշանակությունը և պարզեցնում անվան հետ կապված շփոթությունը: ժողովրդի շրջանում վանքը հայտնի է նաև «Անապաստանաց վանք» անվամբ, որից հասկանալի է դառնում, որ եկեղեցին նաև կացարան է եղել բազմաթիվ անապաստան ներգաղթյալերի համար: Այսպիսով 13-րդ դարից գոյություն ունեցող սրբատեղին իր երկրորդ ծաղկումն է ապրել ուշ միջնադրում՝ ամենայն հավանականությամբ վերաշինվելով Պարսկաստանից ներգաղթած հայորդիների կողմից: Այսօր երբեմնի վանքից կանգուն է միայն գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որի պատերը շարված են անմշակ գրանիտով, իսկ գմբեթն՝ աղյուսով, ինչը բնորոշ է Մեղրիի և Նախիջևանի եկեղեցաշինությանը: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան մասում է, խորանի երկու կողմերում կան մեկական ցածրիկ ավանդատներ, որոնցից հարավայինի տակ թաքստոց-գաղտնարան է: Եկեղեցու երկու մույթերին առկա են 18-րդ դարում արված սրբերի, հրեշտակների և հոգևորականների որմնանկարներ: Կանգուն է նաև ուշ շրջանում կառուցված գավիթ-նախասրահի մի հատված, կացարանների և տնտեսական սենյակների հիմքեր: 2016թ. Ֆրանսիայում գործող «Երկիր և մշակույթ» հայկական, բարեգործական կազմակերպությունն ստանձնեց Մեղրիի Սբ Հովհաննես վանքի վերականգնման պատասխանատու և նվիրական աշխատանքը, որի իրականացման հիմնական մեկենասներն են ամերիկահայ բարերարներ Հայկ և Հիլդա Մանճիկյանները: Ըստ ծրագրի՝ նախատեսվում են եկեղեցու և նրան հարող տարածքի հնագիտական պեղումներ, քանդված հատվածների, գմբեթի, հնարավոր է նաև գավիթի վերականգնում և հիմքերի ամրակայում, տարածքի բարեկարգում, որմնանկարների վերականգնում: Հիշյալ աշխատանքներին ներգրավվել են նաև կամավորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այս օրերին շարունակվում են դեռևս 2016թ. մեկնարկած պեղումները (հնագետներ Հ. Բադալյան, Ա. Նալբանդյան. Տ. Ալեքսանյան), որով կավարտվի հուշարձանի հնագիտական հետազոտումը: Աշխատանքների արդյունքում եկեղեցուց արևմուտք բացվել են մի շարք օջախներ, թոնիրներ, ճարտարապետական կառույցների հատվածներ: Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թերի և ամբողջական խաչքարեր, կավե և մետաղե իրեր և այլն: Գտածոների շարքում մեծ թիվ են կազմում հատկապես եկեղեցական իրերը՝ մոմակալներ, կանթեղների, աշտանակների մասեր, թասերի հատվածներ, բոժոժներ այլն: Այս տարի կատարվում են նաև հարավային ավանդատան տակ կառուցված և դեպի աղոթասրահը ձգվող գաղտնարանի պեղումները, որի ընթացքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան փաստաթղթերի, ձեռագիր և տպագիր մատյանների էջերի և կազմի պատառիկներ: Նշենք նաև, որ պեղումներին զուգահեռ ընթանում են եկեղեցու վերականգնման աշխատանքները (վերականգնող ճարտարապետ Ստ. Նալբանդյան): Ներկայումս արդեն վերականգնված են եկեղեցու հյուսիս-արևմտյան քանդված հատվածը, գմբեթը, որին շուտով կտեղադրվի նաև խաչը: Արման Նալբանդյան Տիգրան Ալեքսանյան ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ |

Սոցցանցերի ակտիվ օգտագործումը ուղեկցվում է ուշադրության կենտրոնացման աստիճանական վատթարացմամբ
32814.12.2025, 17:02
Հայտնաբերվել է գերսառեցված հեղուկի նոր վիճակ․ ACS Nano
31014.12.2025, 16:20
Մատենադարանը կոչ է անում մշտապես կամ ժամանակավոր իր պահպանությանը հանձնել տներում, եկեղեցիներում պահվող մատյանները
15409.12.2025, 23:18
Հայաստանի միակ գրական երիտասարդական թերթի ֆինանսավորումը դադարեցվել է գլխավոր խմբագիր Գուրգեն Խանջյանի հակաիշխանական դիրքորոշման պատճառով
21203.12.2025, 21:00
«Գիտության ֆինանսավորումը նվազելու է նույնքան, որքանով ավելանալու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բյուջեն». Հովակիմ Զաքարյան
19602.12.2025, 23:18
Ճապոնիայում ներկայացվել է մարդ լվացող մեքենա (տեսանյութ)
123401.12.2025, 20:45




