Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան

87
Այսօր, 15:54
«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 4.3 տոկոսով, իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 6.2 տոկոսով։
Առանձին ապրանքների թանկացումները հատկապես մտահոգիչ են․
- Տավարի միս՝ 21.5 տոկոս,
- Ձու՝ 23.8 տոկոս,
- Կաթնամթերք, պանիր և ձու՝ 11 տոկոս,
- Հնդկաձավար՝ 10.6 տոկոս։
- Գառան և ոչխարի միս՝ 15.6 տոկոս։
Թանկացել է նաև կաթնամթերքը․ պաստերացված կաթը՝ 8 տոկոսով, թթվասերը 8.8 տոկոսով, պանիրն ու կաթնաշոռը գրեթե 7 տոկոսով։ Աճել են նաև մրգի և բանջարեղենի գները՝ համապատասխանաբար՝ 7.3 և 3.9 տոկոսներով։ Ուշագրավ է, որ ըստ տվյալների՝ կաղամբը թանկացել է շուրջ 78.8 տոկոսով։
Այս թվերը զուտ վիճակագրություն չեն․ սրանց հետևում հազարավոր ընտանիքների ամենօրյա դժվարություններն են։ Յուրաքանչյուրիս են տեսանելի ոչ համաչափ թանկացումները՝ ամենօրյա գնումներ կատարելիս։
Ի դեպ, վերջին օրերին ևս մեր քաղաքացիներից ստանում եմ ահազանգեր, որ նորից են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սննդամթերքից զատ՝ նույն իրավիճակն է նաև դիզելային վառելիքի պարագայում․ գնաճը կազմել է 28 տոկոս։ Հեղուկ գազը թանկացել է 28.3, բենզինը՝ 11.4 տոկոսով։
Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ ահռելի վնասներ է կրելու մեր տնտեսությունը գազի գնի աննախադեպ թանկացման դեպքում։
Թանկացումը վերաբերում է ոչ միայն ապրանքներին, այլև՝ ծառայություններին։ Դեղորայքից զատ՝ գնաճ կա նաև առողջապահական, բժշկական ծառայությունների ոլորտում։ Հայաստանում թանկացել է նաև կրթությունը, տրանսպորտը, սպասարկման ոլորտի ծառայությունները։
Այս ամենի հետևանքով մեր քաղաքացիները ստիպված են վերանայել իրենց ծախսերը, հրաժարվել անհրաժեշտ գնումներից, խնայել նույնիսկ սննդին հատկացվող գումարը։
Մինչ հազարավոր ընտանիքներ մտածում են՝ ինչպես գոյատևել աշխատավարձով մինչև հաջորդ ամիս, իշխանության ներկայացուցիչները հունվարից ստանալու են կրկնակի և եռակի բարձր աշխատավարձեր։
Սա՞ է ձեր պատկերացրած սոցիալական արդարությունը․ երբ հասարակության մի ստվար հատված ստիպված է լինում հաշվել յուրաքանչյուր դրամը, իսկ իշխանական վերնախավի եկամուտներն ավելանում են մի քանի անգամ։
Այս իշխանության օրոք սոցիալական բևեռացումը ոչ միայն չի հաղթահարվել, այլև սարսափելի խորացել է: Մի կողմում՝ բարձրացող գներ և նվազող գնողունակություն, մյուս կողմում՝ իշխանական արտոնություններ, բազմապատկվող աշխատավարձեր և «կլորիկ» պարգևավճարներ։
«Մեկին հազար դեկան ոսկի,
Մեկին ոչ փող մի պղինձ»:
Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան