Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում»․ Սևակ Հակոբյան

96
Այսօր, 00:36
«Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Օրերս ճեպազրույցում լրագրողները մարդամեկին ասում են, որ որոշ ընկերություններ մարդկանցից գումար են վերցնում էլեկտրական ավտոմեքենաներ բերելու համար, բայց խաբում են․ տասնյակ հազարավոր դոլարներ են գրպանում։ Սա չի ասում՝ «կբռնենք-կպատժենք» և այլն, մեղադրում է խաբեության զոհերին, թե՝ «21-րդ դարում ո՞նց կարելի է գնալ ու խաբեության զոհ դառնալ»։ Իհարկե, հենց 21-րդ դարում ու հատկապես վերջին մի քանի տարիներին են խաբեության զոհ գնալու հնարավորությունները շատացել, և նրանից այլ պատասխան էին ակնկալում։ Բայց հարցն այն է, թե ով է այդ մասին խոսում․ մարդ, որը հայ ազգին պատմության մեջ ամենամեծ խաբեությունների զոհ դարձրածն է։

Այսօր խաբեություններից մեկի՝ 44-օրյա պատերազմի տարելիցն է․ 6 տարի առաջ այս օրը պատերազմ էր։ Ու այդ պատերազմը ամենամեծ խաբեություններից մեկն էր։ 2020թ․ այս օրերին՝ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ, ՔՊ-ական պատգամավորները պահանջում էին ձերբակալել ու պատժել նրանց, ովքեր հայտարարում էին, թե տարածքային կորուստներ ունենք։ Թշնամին հասել էր Շուշի, սրանք ասում էին՝ ո՞վ է ասում, թե կորուստ ունենք։ Իսկ Արծրունը հաղորդում էր, թե թշնամին հետ է շպրտվել, փախել է, հետապնդում ենք։ Ալիևը Զանգելանի, Կուբաթլուի օկուպացրած գյուղերի ցանկ էր կարդում, սրանք ձեռք էին առնում, թե՝ հերիք չէ՞ նույն գյուղերը հա գրավեք։ Նոյեմբերի 3-ին՝ այս օրը, ասում էին՝ Ադրբեջանի ցամաքային զորքն ու զինտեխնիկան արդեն գոյություն չունեն։

Մեր գլխին բերված պատերազմը ամենամեծ խաբեություններից մեկի արդյունքն էր, և դեռ մենք չգիտենք, թե ինչպես և ինչու այս ամենը կատարվեց։ Բայց պատերազմից առաջ հայ ժողովուրդը մեկ այլ՝ չտեսնված ու չլսված խաբեության զոհ դարձավ․ դա, այսպես կոչված, «թավշյա, ոչ բռնի խուլիգանությունն» էր։ Դա հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած ամենամեծ խաբեություններից մեկն էր։ Այդ խաբեությունն ընդգրկում էր ամեն ոլորտ․․․

Կարճ ասած՝ ո՞րն է ավելի վտանգավոր՝ խաբեբայությո՞ւնը, թե՞ խաբված մնալուն սովորելը։ Խաբեբաները կատարելագործվում են, նոր ձևեր են գտնում, նոր խոստումներ են տալիս, նոր փաթեթավորմամբ նույն հին ապրանքն են վաճառում։ Իսկ մենք ամեն անգամ կարծես առաջին անգամ ենք հանդիպում նրանց։ Տարբերություն կա փողոցային խաբեբաների և քաղաքական խաբեբաների միջև․ առաջինները սովորաբար աշխատում են այնպես, որ իրենց զոհը երկրորդ անգամ իրենց չհանդիպի։ Իսկ մեր դեպքում զոհը միշտ նույնն է։ Ինը տարի՝ նույն խոստումները, նույն խաբեությունը, նույն հետևանքները։ Ու ամենացավալին այն է, որ այս խաբեության գինը միայն կորցրած փողը չէ։ Գինը կորցրած տարիներն են, կորցրած հնարավորությունները, կորցրած հայրենիքն ու մարդկանց ճակատագրերը։

Ի վերջո, խաբեբաների իշխանությունը գոյություն ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ կա խաբվելու պատրաստակամություն»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան