Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները

89
Այսօր, 19:13
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները

Երեքշաբթի օրը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված եռակողմ բանակցությունների հնարավոր թեմաները։

«Ամերիկյան կողմն արդեն իսկ ազդանշան է տվել, որ ցանկանում է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ մեր պետության վերականգնման փաթեթը, - ասել է Զելենսկի,- նրանք մեր թիմի հետ քննարկում են նաև այն հարցերը, որոնք մենք ցանկանում ենք քննարկել Աբու Դաբիում կայանալիք հանդիպման ժամանակ։ Մեզ համար այդ առաջնահերթություններն են էներգետիկան, այսինքն՝ երկու կողմերից էլ հրադադարը։ Հացահատիկը՝ Սև ծովի ապաշրջափակումը։ Երրորդ ասպեկտը մարդիկ են։ Ի՞նչ ձևաչափով կարող ենք ավելացնել և ինտենսիվացնել փոխանակումները։ Եվ նաև՝ եռակողմ հանդիպման նախապատրաստումն առաջնորդների մակարդակով՝ Եվրոպայի ներկայությամբ»։

Երբ նրան հարցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի հնարավորության մասին (Կրեմլը նախորդ օրը հայտարարել էր, որ Պուտինը «կվերցնի հեռախոսը», եթե Ուկրաինայի նախագահը զանգահարի), Զելենսկին այդ գաղափարն անվանել է անօգուտ։ Կրեմլից զանգերին պատասխանելն անիմաստ է, քանի որ Մոսկվան դա կօգտագործի՝ որպես պատրվակ հանդիպումները չեղարկելու համար, մինչդեռ զրույցը կվերածվի պատմության դասախոսությունների, հայտարարել է Զելենսկին։

«Մենք նրանց չենք հրավիրում Կիև (բանակցությունների), քանի որ 2022 թվականին նրանք եկել են առանց հրավերի», - հիշեցրել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Մոսկվա մեկնելը բանակցությունների համար, ինչպես պարբերաբար ասում են ռուսական իշխանությունները, «ավերիչ է»։