Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը լայն առումով բացեց իր խաղաքարտերը․ Ընդդիմությունը կա՛մ խորհրդարանում կապահովի Ադրբեջանի պարտադրած սահմանադրության նախագծի անցնակցումը դեպի հանրաքվեի փուլ, կա՛մ Փաշինյանը կսկսի իր ավանդական՝ մասսաներ գեներացնելու և ընդդիմությանը կապիտուլյացիայի ենթարկելու մարտավարությունը։ Սա 2018 թվականի մայիսից հետո կիրառվեց արտահերթ ընտրությունների գնալու համար՝ ՀՀ ԱԺ–ն շրջափակելով, ապա՝ դատական համակարգը տոտալ վերահսկողության նպատակով սկսեց դատարանները շրջափակելու օպերացիան, իսկ արդեն 2020–ից հետո՝ իշխանությունը պահելու համար։ Իհարկե, եթե ընդդիմության ներսում հնարավոր է եղել ապահովել միակամություն, ապա առնվազն այս մասով ընդդիմությունը, մասնավորապես «Ուժեղ Հայաստանը» իր գլխավոր գործիքները փողոց գեներացնելու հանձնեց հունիսի 7–ից հետո։ Ուստի՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը ընտրել է ԱԺ–ում չկապիտուլացվելու ճանապարհը, ապա նա առնվազն փողոցային գործողություններին կամ Փաշինյանի պատկերացրած «հանրային ճնշման» օպերացիային հակադրելու ռազմավարություն պետք է ունենա, իսկ եթե չունի, կարծում եմ՝ ժամանակն է հրաժարվել քաղաքականությամբ զբաղվել։ Փաշինյանը ԱԺ–ում իր համար ապահովեց մի կարևոր բան՝ «օրակարգի առևանգման» հիմքեր, և փոխարեն հանրային ճնշմամբ ընդդիմությունը սպառնար, այն անում է իշխանությունը։ Այստեղ արձանագրելու մի ցավալի բան կա․ «Հայաստանում քաղաքականությամբ ապրում ու զբաղվում է միայն մեկ մարդ», և այդ մեկը ընդդիմությունը չէ։ Իսկ վերջում․ «Ալիևյան Սահմանադրություն» անունը ստացած նախագիծը բովանդակային քննարկման ենթակա չէ (գոնե իմ համար), քանի դեռ այն կրում է ալիևյան կնիքը՝ Անկախության Հռչակագրի բացակայությունը։ Նախագիծը բովանդակային քննարկման արժանի է միայն այն դեպքում, եթե այնտեղ չլինի ալիևյան կնիք, և այն լինի բացառապես ներքին «հանրային դաշինքի» արդյունք, և ո՛չ արտաքին պարտադրման հետևանք»։