«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
41
Այսօր, 17:18
Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի Արծվաշենի «մուտիտն» ու Ալիևի հայատյաց ելույթը․ զուգահեռ իրականության երկու կողմերը. Երեկ Ալիևը հերթական հայատյաց, ատելությամբ ու թշնամանքով հարուստ ելույթն է ունեցել։ Վերջին շրջանում նա կրկին ակտիվացրել է հայ ժողովրդին ուղղված ապամարդկայնացման, նույն ինքը՝ դեհումանիզացիայի լեզուն։ Նաև իր հայտարարություններով թիրախավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Առանձնացրել եմ ելույթում առկա և նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» հետ որևէ կապ չունեցող տերմիններն ու հայտարարությունները։ Արել եմ բառացի թարգմանություն։ -«Հայաստանը ռազմական ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ՝ իրականացնելով էթնիկ զտումներ և մեկ միլիոն ադրբեջանցիների վտարելով իրենց հայրենի պատմական հողերից՝ թե՛ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, թե՛ ներկայիս Հայաստանի տարածքից»։ -«Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց հանցակիցները, որոնք ռազմական հանցագործներ և մանկասպաններ են, դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը 2018 թվականից շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը»։ -«Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը՝ միջազգային հարաբերությունների երկու անախրոնիզմներն ու ատավիզմները, մշտապես հարձակվել են Ադրբեջանի՝ ագրեսիայի զոհի վրա՝ միևնույն ժամանակ խրախուսելով ագրեսորին՝ Հայաստանին»։ -«Անջատողականների առաջնորդները, ռազմական հանցագործներն ու մանկասպանները կանգնեցվեցին ադրբեջանական դատարանի առաջ։ Ըստ էության և ձևի՝ սա նման էր Նյուրնբերգի տրիբունալին։ Սակայն այս անգամ մեղադրյալի աթոռին հայ ֆաշիստներն էին։ Նրանք, ովքեր մեզ սպառնում էին, թե տանկերով կգան Բաքու, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այժմ մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում, իսկ նրանց տանկերը ցուցադրվում են Ռազմական ավարի այգում։ Ի դեպ, մեր հյուրերը կարող են այցելել Հաղթանակի այգի, Հաղթանակի թանգարան և Ռազմական ավարի այգի՝ լիովին հասկանալու օկուպացիայի բնույթն ու էությունը և ադրբեջանական ժողովրդի պատմական հաղթանակը»։ -«Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին մեր տարածքների օկուպացման, նրա իրականացրած ցեղասպանության և էթնիկ զտումների համար, Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում կոտրել հայկական ֆաշիզմի ողնաշարը։ Ագրեսորի անպատժելիությունը միայն ավելի էր մեծացնում նրա ամբարտավանությունը»։ -«Մենք հաղթեցինք պատերազմում և օկուպանտներին դուրս քշեցինք մեր հողերից, բայց չձգտեցինք վրեժ լուծել 30 տարվա տառապանքների, ցեղասպանության կամ մեր քաղաքների ու գյուղերի ավերման համար։ Մենք մեր վրեժը լուծեցինք մարտի դաշտում»։ -«Մենք հարված չհասցրինք արդեն ընկած թշնամուն։ Մենք չիջանք այն բարբարոսների և մանկասպանների մակարդակին, որոնք այդքան տառապանք էին պատճառել մեր ժողովրդին»։ Ալիևի կիրառած «մանկասպաններ», «հայկական ֆաշիզմ», «հայ ֆաշիստներ», «բարբարոսներ», «ռազմական հանցագործներ» և այլ ապամարդկայնացնող տերմինները ի՞նչ կապ ունեն խաղաղության հետ․․․ Իհարկե, ոչ մի։ Հետևություններն անելն այնքան էլ բարդ չէ։ Ալիևը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շարունակելու է հայերի և Հայաստանի դեմ պետական մակարդակով ատելության ու քսենոֆոբիայի քարոզը, շարունակելու է շինծու «դատավարությունների» թեման օգտագործել այդ քարոզի համար, շարունակելու է պահել հայի՝ որպես թշնամու կերպարը, շարունակելու է արհամարհել իր իսկ կողմից նախաստորագրված պայմանագիրը, միևնույն ժամանակ շարունակելու է խոսել իր կամակատար Փաշինյանի հետ շանտաժի լեզվով։ Իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»․․․»։