«ԱՄՆ-ին անհրաժեշտ է այնպիսի Ռուսաստան, ինչպիսին այն կա` ո'չ ավել ու ո'չ էլ պակաս». Արա Պողոսյան
80
Այսօր, 14:18
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախ՝ Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Եթե մի քիչ միջազգային հարաբերությունների տեսություններ կարդայիք, ապա նաև կկանխատեսեիք, որ դա անխուսափելի է։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Սառը պատերազմից հետո աշխարհում դոմինանտ էր լիբերալ-իդելաիստական գաղափարների վրա հիմնված աշխարհակարգը, որտեղ կար դոմինանտ հեգեմոն, որը և համաշխարհային ժանդարմի դեր էր կատարում։ Սակայն այդ կարգերը դեմ էին միջազգային հարաբերությունների իրական էությանը՝ միջազգային հարաբերությունները անարխիկ են, և հեգեմոնի հայտնվելը միշտ առաջացնելու է հակազդեցություն և լինելու են հառնող տերություններ, որոնք վիճարկելու են հեգեմոնի միանձնյա իշխանությունը։ Այսպես են փլուզվել բազմաթիվ կայսրություններ, որոնք ձգտել են հեգեմոնի կամ համաշխարհային տիրակալի կարգավիճակին։ Հիմա մենք անցնում ենք միջազգային հարաբերությունների իրական բնույթին՝ շահերը գերիշխելու են իդեալներին, և պետությունները կրկին հարաբերվելու են գլխավորապես շահերի վրա հիմնվելով։ Արդի միջազգային հարաբերությունները լիովին բացատրելի են ռեալիստական դպրոցի սկզբունքներով, իսկ լիբերալ կամ իդեալիստական դպրոցը դեռ պետք է կարողանա բացատրել՝ ամերիկյան դեմոկրատիայի և Սաուդյան դեսպոտիզմի, ալիևյան կոշտ ավտորիտարիզմի և եվրոպական ժողովրդավարության սերտացած հարաբերությունները, որոնք տեսական առումով հակընդդեմ են, ու ինչպես Սառը պատերազմի տարիներին էր ասվում. Արևմուտքի դեմ «չարի առանցքն է», որի անվան տակ հասկացվում էր սոցիալիստական ճամբարը և նրան հարող պետությունները, որոնք Արևմուտքի դիտանկյունից բռնակալություններ էին։ Քաղաքական ռեալիզմի դիտանկյունից ԱՄՆ-ին անհրաժեշտ է այնպիսի Ռուսաստան, ինչպիսին այն կա՝ ո'չ ավել ու ո'չ էլ պակաս։ Մնացածը ընդամենը նարատիվային պատերազմի շրջանակում է՝ ստեղծել Եվրոպական պետությունների համար սպառնալիք՝ Ռուսաստանի տեսքով, և այն պահել մշտական հնազանդության ներքո, թույլ չտալով, որ Հին Աշխարհը ձգտի նոր դոմինանտության։ Միաժամանակ աշխատել Ռուսաստանի հետ նոր հառնող տերության՝ Չինաստանի, հավակնությունները զսպելու համար։ Այս մասով էլ հետաքրքիր են Մաքինդերի, Քափլանի, և աշխարհաքաղաքականության մյուս տեսաբանների՝ հարթլենդյան, ռիմլենդյան տեսությունները։ ԱՄՆ-ին Ռուսաստանն անհրաժեշտ է այնքան, ինչքան Ռուսաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ն։ Պատահական չէ, որ մեկը որդեգրել է Արևմտյան Հռոմեական կայսրության, իսկ մյուսը՝ Արևելյան Հռոմեական կայսրության քաղաքակրթական ժառանգությունը։ Մեկի փլուզումը կառաջացնի շղթայական էֆֆեկտ մյուսի համար»: