«Ամեն բան արվում է, որպեսզի վերջնականապես փակվեն Արցախի դռները»․ Արտակ Զաքարյան
56
Այսօր, 12:00
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին տարիներին ամեն բան արվել և արվում է, որպեսզի վերջնականապես փակվի Արցախի դռներն ու արցախյան հարցը: Այն փակելու փորձեր արվել են նաև պատմության տարբեր փուլերում: Սակայն դա քրիստոնեական Արցախն է, արևելահայության հին բնօրրաններից մեկը, որը հարություն առնելու և բացվելու հատկություն ունի: Երեք տարի առաջ, այս օրերին, երկարատև շրջափակումից ու հյուծումից հետո, թուրքական աշխարհի առջև միայնակ մնացած Արցախի դեմ, Ադրբեջանն իրականացրեց ռազմական ահաբեկչական ակտ: Չնայած ռուս խաղաղապահների նոմինալ (ֆորմալ) ներկայության՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արագորեն վերածվեց ամբողջ բնակչության ցեղասպանական վտանգի: Ակնհայտ էր, որ շուրջ 100 հազար խաղաղ բնակիչներ կամ պետք է սպանվեին կամ բռնի կերպով տեղահանվեին: Հայաստանի ու մնացյալ աշխարհի քաղաքական ղեկավարությունը, դարի ողբերգություն հիշեցնող այս աղետին հետևում էին «հեռադիտակով»՝ թատերասեր հանդիսատեսի ջանասիրությամբ: Արտաքին աջակցությամբ իրականացված թավշյա իշխանափոխության գլխավոր նպատակներից մեկը, կարծես թե իրականանում էր հենց այդ օրերին՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Պատահական չէին նաև 44-օրյա պատերազմից, Արցախի բնակչության բռնի տեղահանություններից ու էթնիկ զտումներից հետո, միջազգային (այդ թվում Եվրոպական) տարբեր լիդերների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղղերձները: Այն դեպքում, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ բռնի տեղահանումը համարվում է մարդկության դեմ իրագործված հանցագործություն: Ինչպես միշտ, աշխարհի քաղաքական շրջանակները թքած ունեն հայ ժողովրդի կրած տանջանքների և ողբերգության վրա, քանի որ իրենք ունեն իրենց շահեր: Այն է՝ հանուն գազի, նավթի ու ՌԴ-ն շրջանցող կոմունիկացիաների՝ սիրաշահել Բաքվին, օգտվելով 2022թ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Երևանի աննախադեպ «նվերից»: Արևմուտք սիրողների և Ռուսաստան ատողների, ինչպես նաև Ռուսաստանին կուրորեն վստահողների «համատեղ ջանքերով», անգիտակից կերպով, անտեսվեց հայկական շահն ու Արցախը զոհաբերվեց բացառապես հանուն օտար շահերի: Թուրք-ադրբեջանական կողմերը կարողացան վարպետորեն օգտվել 2018թ-ից Հայաստանի ներքին կյանքում, տարածաշրջանում և աշխարհում զուգահեռաբեր ստեղծված նպաստավոր իրավիճակներից և առավելագույն օգուտ քաղեցին Հայաստանի քաղաքական ղեկավարության, քաղաքական ուժերի, ինչպես նաև հավաքական հայ ժողովրդի տեսանելի ու անտեսանելի սխալներից: Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, հետևություններ չանենք՝ մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը: Իսկ, երբ մինչև վերջին դետալը հասկանանք մեզ հետ կատարված իրողությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, յուրաքանչյուրիս դերն ու նշանակությունը՝ վստահաբար կվերականգնենք Հայաստանի Հանրապետության ամուր դիրքերը: Չի բացառվում նաև, որ մենք որպես պետություն, կարողանանք օգտվել ապագայում ստեղծվելիք նպաստավոր իրավիճակներից, ու մի գեղեցիկ օր կրկին բացենք Արցախի դռները»։