Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.

«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան

61
Այսօր, 09:24
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ֆեյսբուքը էջիս բերեց իշխանական ՔՊ-ի և ընդդիմադիր ՀՅԴ-ի միջև միմյանց քննադատության մի քանի տեսանյութեր ու տեքստեր:
Մեր ժողովրդի ու պետության համար աղետալի երկու ժամանակահատվածներում այդ ուժերն են եղել պետության ղեկին, և նրանց քայլերը երբեմն խիստ նման են:
Ու երբ լսում եմ քննադատություն, ինքս ինձ համար ասում եմ՝ ինչո՞ւ են իրար պատառոտում, նույն բանն են արել իրե՛նց ժամանակ:
Օրինակ, 1918 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը Օսմանյան կայսրության պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում խնդրել է նրանց, որպեսզի ճնշում բանեցնեն իրենց եղբայր Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս Բաքվից երկաթուղով Հայաստան հացահատիկ և վառելիք ուղարկի:
Այդ ժամանակ, գիտեք հավանաբար, Հայաստանում սով էր, մարդիկ տասնյակներով սովից մահանում էին Երևանի փողոցներում, և ՀՀ հիմնադիր հայրերը այլ ելք չունեին, քան թուրքերի ոտքերն ընկնել:
Իրավիճակն այն աստիճանի ահավոր էր, որ Երևանից ՀՅԴ-ական Արտաշես Բաբալյանին գործուղել էին Պոլիս, որպեսզի վերջինս մեր պատվիրակությանը ներկայացնի դրության սարսափելի լինելը և որպեսզի Հայաստանը կարողանա Օսմանյան կայսրության ղեկավարության միջնորդությամբ Ադրբեջանից հաց ու նավթ ստանալ:
Այսօր ՀՀ գործող իշխանությունները Ադրբեջանից վառելիք են ներմուծում: Իհարկե, իրավիճակները տարբեր են, բայց էությունը նույնն է:
Այնպես որ, սիրելի ՔՊ-ականներ ու ՀՅԴ-ականներ, միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունը ուսումնասիրեք, այլ ոչ վերցրեք մի դրվագ ու իրար աչքը կոխեք:
Որ ուսումնասիրեք խորքային կերպով, կարող է միմյանց հանդեպ ավելի հանդուժող ու սիրալիր լինեք»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան