«Արցախ» միության հայտարարությունը՝ Արցախի անկախության հռչակման 35-ամյակի առթիվ
![]() «Արցախ» միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ, որում նշված է․ «35 տարի առաջ1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը, հռչակեց իր անկախությունը: Այս որոշումը, որին մի քանի ամիս անց հաջորդեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, դարձավ մեր ժողովրդի ժամանակակից պետականության ու հավաքական ինքնության հիմքը՝ երեք տասնամյակից ավելի ժամանակահատվածում ապահովելով ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու փորձառություն: Հատկանշական է, որ այդ պատմական ձեռքբերումը հնարավոր է եղել համայն հայության և Հայաստանի Հանրապետության համակողմանի ու հետևողական սատարման շնորհիվ: Այս տարվա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ ծանր հանգամանքներում: 2020-2023 թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման հետևանքով Արցախի ողջ բնակչությունը՝ շուրջ 150,000 մարդ, բռնի կերպով զրկվեց իր հայրենիքից: Երեք տարի անց մենք շարունակում ենք ապրել բռնի տեղահանության մեջ, իսկ մեր հայրենիքը մնում է ցեղասպանական բռնազավթման պայմաններում. հենց այս իրականությունն է Արցախ Միության առաքելության հիմքում՝ պաշտպանել բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հասնել միջազգային արդարության և նպաստել մեր ժողովրդի հավաքական վերադարձին՝ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի՝ նոր ցեղասպանության վտանգներից զերծ: Այս տարեդարձը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև տեղի ունեցող հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Սակայն, ցավոք, այն որևէ առնչություն չունի իրական ու արդար խաղաղության և հակամարտության կարգավորման հետ, քանի որ հակամարտության բուն զոհերն ու հիմնախնդիրները անտեսված են, և ոչ մի փաստաթղթում անդրադարձ չկա Արցախի ժողովրդի իրավունքներին, կարգավիճակին, ոճրագործությունների հետաքննությանը, հայ պատանդների ազատ արձակմանը, հայատյացության քաղաքականության վերացմանը և բազմաթիվ այլ հիմնարար հարցերին: Այս ամենի համատեքստում խիստ դատապարտելի են ՀՀ իշխանությունների այն հայտարարություններն ու գործողությունները, թե, իբր, Արցախի հարցը փակված է, և Արցախի ժողովուրդը պետք է մոռանա իր հայրենիք վերադառնալու մասին: Այսպիսի վարքը ուղղակիորեն խրախուսում ու աջակցում է ալիևյան ցեղասպանական ռեժիմին ոչ միայն ոճրագործությունները մարսելու, այլև՝ հայ ժողովրդի և հայոց պետականության հանդեպ նորանոր ոճրագործություններ պլանավորելու ու իրականացնելու համար: Ցավալի իրականություն են նաև Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի ինքնության պահպանման և մարդասիրական կարիքների կայուն ու արժանապատիվ ապահովման լրջագույն մարտահրավերները: Բացի դրանից, Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հանդեպ իրականացվող բռնաճնշումները և նրանց ռեսուրսների ու կարողությունների խորը ճգնաժամը լրացուցիչ հիմնախնդիրներ են հարուցում Արցախի ժողովրդի հիմնարար ու հավաքական իրավունքների պաշտպանության ու վերականգնման պայքարի ճանապարհին: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ համայն հայության շահագրգիռ անձանց ու ինստիտուտների ջանքերով Արցախի ժողովրդին հաջողվելու է վառ պահել մեր պայքարի ջահը և հետևողական կերպով հետամուտ լինել իր իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ մինչև մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձը հայրենի տներ: Անկախության հռչակումից 35 տարի անց և վերոնշյալ ծանրագույն պայմաններում Արցախ Միությունը վերահաստատում է հետևյալ առաջնահերթությունները՝ • Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձը իր հայրենիք՝ պատշաճ միջազգային երաշխիքների ներքո, ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի. • Բաքվում պատանդառության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը. • Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունների հանդեպ պատասխանատվության ապահովումը՝ անկախ միջազգային հետաքննության միջոցով. • Ադրբեջանում պետականորեն խրախուսվող հայատյացության քաղաքականության դադարեցումը՝ կրթական ու մշակութային քաղաքականությունների վերանայման միջոցով. • Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցությունը և ինքնության պահպանումը՝ մինչև վերադարձի ապահովումը: Արցախի Հանրապետության անկախության 35-ամյակը վկայում է, որ մեր ժողովրդի ինքնության և իրավունքների գիտակցությունը գոյատևել է բոլոր փորձությունների միջով: Արցախ Միությունը շարունակելու է իր հնարավորությունների սահմաններում փաստագրել իրավախախտումները, ներկայացնել գործեր միջազգային իրավական մարմիններին, պաշտպանել բռնի տեղահանվածների շահերը Հայաստանում ու արտերկրում և պահանջել, որ ոչ մի խաղաղության գործընթաց չկառուցվի Արցախի ժողովրդի բացակայության կամ լռության հաշվին: Մեր հարցը փակված չէ: Մեր իրավունքները վաղեմություն չունեն: Մենք շարունակելու ենք պայքարել՝ մինչև արդարությունն ու վերադարձի իրավունքը դառնան իրականություն: Արցախ Միություն Երևան, 2026 թվականի սեպտեմբերի 2»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
