Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.

«Պետության ղեկավարի բառապաշարը և խոսելաոճը ձևավորում են հանրային վարքագծի նորմեր»․ Վիտալի Մանգասարյան

80
Այսօր, 09:00
«Պետության ղեկավարի բառապաշարը և խոսելաոճը ձևավորում են հանրային վարքագծի նորմեր»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանում հայկական բանակում արձանագրվող ողբերգական դեպքերը՝ սպանություններն ու ինքնասպանությունները, դարձել են հասարակական ամենացավոտ և անհանգստացնող քննարկումների թեման։
Գործադիր իշխանության ղեկավարի գնահատմամբ՝ այս աննախադեպ աճն ուղղակիորեն առնչվում է բանակում առկա քրեական ենթամշակույթի, ինչպես նաև այնպիսի բանակային խնդիրների հետ, ինչպիսին, օրինակ, դիրքերում քնելու պատճառով ծագող վեճերն են։
Նախ, ֆիքսենք, որ ուսումնասիրությունների մասին հստակ տեղեկություն չունենք՝ թե դեպքերի քանի տոկոսն է այդ պատճառով տեղի ունեցել, և արդյոք Փաշինյանը ճիշտ է ասում, թե ոչ, միանշանակ չենք կարող պնդել, բայց ամեն դեպքում եկեք ենթադրենք, որ ճիշտ է ասում:
Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ Աշոտիկը դիրքում Սուրիկին քնած է բռնացրել:
Ի՞նչ է անելու.
կզցնելո՞ւ է, հենակետում է փռելո՞ւ, ծեփելո՞ւ է բլինդաժին, թե՞ անելու է այն, ինչի համար, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության, խախտվել է Փաշինյանի վարքագծային կանոնը՝ սրա-նրա քեռու կնոջ հարցերը քննարկելու ժամանակ:
Պետության ղեկավարի կողմից օգտագործվող բառապաշարը և խոսելաոճը ձևավորում են հանրային վարքագծի նորմեր։
Հասարակության որոշակի հատված հակված է կրկնօրինակել բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդակցման ոճը՝ այն ընդունելով որպես թույլատրելի կամ նորմալ։
Այն, ինչ թույլ է տրվում հանրային կամ քաղաքական դաշտում, տեղափոխվում է առօրյա կյանք և, ի վերջո, իր մահաբեր արտացոլումը գտնում զինված ուժերում։
Պարո՛ն Փաշինյան, զսպե՛ք ձեզ, ձեզ նայում են, ու ցավոք սրտի, հասարակության ինչ-որ հատված գուցե փորձում է նմանվել:
Խնդրում եմ, նորմա՛լ խոսեք, քանի որ ձեր այդ խոսույթի պատճառով մարդիկ են մահանում։