«Ոստիկանների ծեծը կարող է ռեժիմի համար համակարգային ճգնաժամի առումով «Սև Կարապ» հանդիսանալ». Ստեփան Դանիելյան
54
Այսօր, 10:30
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քննչական վարչությունում ոստիկանների ծեծն առաջին հայացքից կարող է թվալ տղայական կանոններով միմյանց հետ հաշիվ մաքրելու մասնավոր դեպք, սակայն այդ ամենը կարող է ռեժիմի համար համակարգային ճգնաժամի առումով «Սեւ Կարապ» հանդիսանալ։ Իրավիճակ - Առնվազն հանրության մի մեծ զանգվածի համար ընտրությունների արդյունքները կասկածելի են, այսինքն ռեժիմի լեգիտիմության աստիճանը խիստ ցածր է։ - Իշխանության հենարանն այլևս ուժային կառույցներն են, ինչի արդյունքում նրանց նշանակությունն ու դերակատարությունն ուժեղացել է։ - Քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի քանակը կտրուկ ավելացել է, որի հետեւանքով քննչական մարմիններն իրենց իշխանության կարևոր հենարանն են համարում, բնականաբար պետք է տարբեր դիվիդենտներ պահանջեն եւ իրենց զգան օրենքից վեր։ - Ռեժիմի կարևոր հենարն է նաեւ ոստիկանությունը։ Սահմանադրական նորմերի ու իրավունքների տապալման պարագայում, երբ իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը վարկաբեկված են, ոստիկաններն ԱԺ-ում առաջնային մանդատ ունեցող պատգամավորներին են ծեծում, ապա տնտեսական ու ֆինանսական նորանոր դիվիդենտներ է պահանջում նաեւ ոստիկանությունը, որն իրեն նույնպես օրենքից վեր է համարում։ - Ռեպրեսիվ ապարատները, որպես կանոն, սկզբնական փուլում ճնշում են քաղաքական հակառակորդներին, որից հետո այդ մեքենան նորանոր զոհեր է պահանջում եւ սկսում է հետապնդել «հպարտ քաղաքացիներին»: Հետեւանքներ Իշխանության լեգիտիմության պակասի հետեւանքով ուժայինների տարբեր հատվածները սկսում են միմյանց դեմ կիրառել ուժ, դա կարող է նշանակել, որ իշխանության ներսում միասնական ենթակայության և վստահության մեխանիզմը թուլանում է։ Հատկապես կարևոր է, եթե բախումները կրկնվում են և կողմերը սկսում են գործել որպես իրենց առաջնայնությունը հաստատող ուժային կենտրոններ։ Այդ դեպքում առաջանում է վտանգավոր շղթա. - լեգիտիմության խնդիր - ուժային կառույցների միջև մրցակցություն - ներքին պառակտում - իշխանության վերահսկողության թուլացում։ Բացառված չէ, որ իշխանության տարբեր պաշտոնյաններ սկսեն սատարել կոնֆլիկտի տարբեր կողմերին։ Առաջանում են նոր թիմեր եւ կլաններ։ Այսպիսի իրավիճակում ճգնաժամի հիմնական հարցը դառնում է ոչ թե՝ «ով է իրավացի ոստիկանության և քննչական մարմնի վեճում», այլ՝ «արդյոք ռեժիմը դեռևս ունակ է իր բոլոր ուժային կառույցներին պահել միասնական քաղաքական ենթակայության ներքո»։ Հատկապես հետաքրքիր է բռնապետի վերջերս ասված խոսքերը, որով նա մեղադրում էր դատավորներին "չափազանցությունների" համար, այսինքն հրապարակային կերպով ցուցումներ է տալիս դատավորներին ու որպես օրինականության արբիտրներ հեղինակազրկում նրանց։ Այս ամենը ոչ թե պարզապես իրավական կամ վարչական հակամարտություն է, այլ իշխանության համակարգային ճգնաժամի նոր դրսեւորում»: